Առաջին Սերը

Որպես ոստիկան, իմ առաջին շրջայցն ու մեծ սերը

Ոստիկանական բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո, նշանակվեցի Աշտարակի շրջանի մի քանի գյուղերի տեսուչ։ Նշանակմանս երկրորդ օրն էր, պետը կանչեց իր մոտ, թե՝ Ներսիսյան, Կ․ գյուղից ահազանգ է ստացվել, որ համագյուղացիներ Անուշավան Գևորգյանի ու Սամվել Ենոքյանի կռվի արդյունքում կոտրվել է Անուշավան Գևորգյանի ոտքը, գնա տես, ի՞նչ է այնտեղ կատարվել, խոսեցրու երկու կողմերին էլ, վկաներին էլ, ամեն ինչ մանրամասն գրի առ, բեր, պետք լինի, գործ կհարուցենք։ Երբ դուրս էի գալիս սենյակից, հետ կանչեց, թե՝ տես, հա, խիստ կլինես, չխաբվես էդ գյուղացիների ջան-ղուրբանին, սուրճից էլ կհրաժարվես, քիթ ու մռութ ցույց կտաս, քեզ պաշտոնական կպահես։ Լավ, ասացի ու դուրս եկա։ Հասա գյուղի տակ, հանկարծ մեքենայի շարժիչն անջատվեց, իջա, բզբզեցի, ճար չեղավ, չի միանում ու չի միանում։ Ձեռքս թափ տվեցի ու մտա գյուղ։ Օգոստոսյան ճըքճքան շոգ էր, ճանապարհը՝ փոշոտ, լեզուս էլ ծարավից չորացել էր, դե, իմ վիճակը պատկերացրեք։ Դպրոցն անցա, գյուղսովետն երևաց։ Հասա այն պահին, երբ մի կին դուռն էր փակում։ Բարև տվեցի, բարև առա։
– Գյուղսովետի նախագահին եմ ուզում,- ասացի։
– Նախագահը գնացել է Աշտարակ՝ բժշկի, մեղուն ականջը կծել ա, ալերգիա ա սկսվել մոտը։ Էսօր շատ ուշ կգա,- ասաց կինը։
– Իսկ դուք ո՞վ եք, ինչու՞ եք այս ժամին գյուղսովետի դուռը փակում։
Կինը պտտվեց իմ կողմը, նախ մի դժգոհ հայացքով չափեց ինձ ոտքից գլուխ։
– Չհասկացա, լավ եմ անում, փակում եմ, իմ ընդմիջման ժամն է, տուն եմ գնում, համ էլ ես ծծկեր երեխա ունեմ, ինձ մի ժամ էլ ավել ընդմիջում է հասնում,- ասաց ու առանց վրաս նայելու գնաց։
– Լավ, գոնե ասեք, թե ո՞ր կողմն է Անուշավան Գևորգյանի տունը,- նրա հետևից կանչեցի ես։
Կինը շուռ եկավ, ձեռքը պարզեց հակառակ կողմի վրա։
– Այ, էդ կողմով ուղիղ գնա, խանութ կտեսնես, մի քիչ էլ գնաս, կանաչ մեծ դարպասը Անուշավան ապոր տունն ա,- ու մի երկու քայլ հետ եկավ,- էդ ինչի՞ որ, կարո՞ղ ա Անուշավան ապոր կոտրած ոտի համար։
– Այո, հենց դրա։
– Վայ, տնաշեն, հարևան են, մի կարճ խոսակցություն են ունեցել, Վարսո զալոն էլ հրել ա, ապերն ընկել, ոտը ջարդել ա, դուք էլ դարձրիք եսիմ ինչ, դրա համար Աշտարակից էս շոոգին էկել, հասել ես գյուղ,- արհամարհանքով ձեռը թափ տվեց կինն ու գնաց։
Հասա կանաչ դարպասին, խփում եմ, խփում եմ, դարպասը բացող չկա։ Վերջապես ոտքերի ձայն լսեցի ու աղջկական դժգոհ ձայն, թե՝ դարպասը բաց է, ինչու՞ եք ջարդում։ Դարպասի փոքրիկ դուռը բացվեց ու․․․Էլ ի՞նչ ու։ Դռան մեջ, սրբիչը նոր լվացած գլխին փաթաթած, եղնիկի աչքերով մի աղջիկ էր կանգնած։ Առանց այն էլ ծարավից չորացած լեզուս ավելի չորացավ, կպավ բերանիս։ Աղջկա գլխի սրբիչը սահեց, ընկավ ցած ու թաց խոպոպները թափվեցին ուսերին։ Մի կերպ թուքս կուլ տվեցի ու հասկացա, որ ես չկամ։
– Պապ, էստեղ մի ոստիկան է եկել,- տեսնելով իմ լուռ, հիմար վիճակը, դեպի վերևի պատշգամբը ձայն տվեց աղջիկը։
– Ասա, թող վերև բարձրանա,- վերևից եղավ պատասխանը։
Աղջկա հետևից փոքրիկ, ծաղկազարդ բակն անցա, ոտքս գցեցի առաջին աստիճանին, որ բարձրանամ, թե ի՞նչ կատարվեց հետս ( այս երեսուն տարի է, մտածում եմ ու չեմ կարողանում հասկանալ), ոտքերս փաթաթվեցին իրար, ու ես, հասակով մեկ, փռվեցի աստիճանների վրա։ Ուշքի եկա կողքիս կանգնած աղջկա ծիծաղից։ Այնպես էր ծիծաղում, այնպես էր կչկչում, ուսերով, ողջ մարմնով ցնցվում էր։
– Անու՜շ, էդ ի՞ն եղավ,- վերևից ձայնեց պապը։
– Պապ, ոստիկանի ոտքը սայթաքեց, ընկավ,- ծիծաղի միջից ձայնեց աղջիկը։
Իսկ ես հիմարի նման մեկնվել էի, ոչ էլ վեր կենալու փորձ էի անում։ Բայց կարծում եք, որ ուզենայի, կարո՞ղ էի վեր կենալ, ցավից ոտքս շարժել չէի կարողանում։ Աղջիկն էլ կարծես հասկացավ, որ ինչ-որ լուրջ բան կատարվեց, ծիծաղը կտրեց ու անհանգստացած կռացավ դեպի ինձ։
– Ի՞նչ պատահեց, կարո՞ղ է Ձեր ոտքը վնասվեց, եկեք օգնեմ, բարձրանաք։
Աղջկա թևին հենված, մի կերպ բարձրացա աստիճանները ու հենց այդ պահին էլ ինքս ինձ խոստովանեցի, որ իմ կյանքում դեռ երբեք նման հաճելի պահ չեմ ապրել, ես պատրաստ էի այդպես, աղջկա ուսին հենված, գնալ մինչև աշխարհի վերջը, էլ ի՞նչ ցավ, ինչ բան։ Վերջապես հասանք պատշգամբ, ուր թախտին, գիպսի մեջ դրված ոտքը բարձին, մեկնված էր Անուշավան Գևորգյանը։
Մի կերպ տեղավորվեցի սեղանի մոտ դրված աթոռին, աշխատելով զսպել ոտքիս ցավը։
– Հը՞, մեր տղա, էդ ո՞նց արեցիր, որ ընկար,- հետո դարձավ թոռանը,- Անուշ, մի էն Սամոյին ձեն տուր, թող գա, տեսնի, տղու ոտը հո չի՞ վնասվել։
– Սամո ապեր, Սամո ապեր,- հենց պատշգամբից հարևանի տան կողմը բղավեց Անուշը,- շուտ արա, արի, պապը կանչում է։
– Ինչ կա՞, լեյտենանտ ջան, էս ի՞նչ ես կորցրել մեր կողմերում,- մինչև Սամո ապոր գալը, հարցրեց Անուշավան Գևորգյանը։
– Ընկեր Գևորգյան,- մի կերպ կմկմացի ես,- ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Ձեր ու հարևան Սամվել Ենոքյանի մեջ վեճ է ծագել, ինչի արդյունքում էլ Դուք կոտրել եք Ձեր ոտքը։
– Վա՜յ, լեյտենանտ, լեյտենանտ,- միանգամից բարձր ձայնով սկսեց ծիծաղել Անուշավան Գևորգյանը։
Հենց այդ պահին էլ շնչակտուր հասավ Սամո ապերը, նա ինքը՝ Սամվել Ենոքյանը։
– Հը, ժողովուրդ, էս ի՞նչ խաբար ա,- զարմացած հայացքը ինձանից դեռ ծիծաղող հարևանին ուղղեց Սամո ապերը։
-Սամո,- ծիծաղի միջից նրան դիմեց Անուշավանը,- լեյտենանտը ահազանգ է ստացել, որ ես ու դու վիճել ենք, ինչի արդյունքում ես կոտրել եմ ոտքս, բա՜;
– Հա՞,- շփոթվեց Սամո ապերը,- ի՞նչ անեմ, ձեն տամ, Վարսոն գա՞։
– Տո՛, արի, նստի տեղդ, է՛, ի՞նչ Վարսո, ինչ բան,- ծիծաղը թողեց, լրջացավ Անուշավանն ու դիմեց թոռանը,- Անուշ, դու գնա, մի դառը, սերով կոֆե դիր։
Այստեղ ես հիշեցի պետի հանձնարարությունը՝ սուրճից կհրաժարվես։
– Սամո,- դարձավ հարևանին,- լեյտենանտը մեր աստիճանի վրա ընկավ, ոտն օլորեց, նայիր, տես, հո վնաս չի՞ եղել տղու ոտին։
Սամո ապերը կռացավ, շոշափեց կոշիկից հանած ոտքս, ոտքիս թաթը աջ արեց, ձախ արեց, վերև-ներքև արեց։
– Չէ, բան չկա, խուրդեքն են թափել,- ասաց հարևանին, հետո ինձ դիմեց,- հագիր, հագիր կոշիկդ, բան չկա, կցավա, կարող ա ուռի էլ մի քիչ, իրիկունը, որ տուն էթաս, կինդ թող ոտդ դնի գոլ ջրի մեջ, սապոնով մի քիչ հանգիստ տրորի, կանցնի, կգնա։ Հիմի, որ ապոր քաշած էն թթի արաղից մի բաժակ խմես, ցավը չես զգա,- ասաց գործից հասկացող մարդու նման վստահ ու նստեց։
– Ոչ, ոչ, ես չեմ խմում,- շտապեցի թթի արաղից հրաժարվել ես, ապա, ինքս էլ չհասկացա, թե ինչու, հիմարի նման ավելացրեցի,- համ էլ ես կին չունեմ։
Այդ պահին Անուշը սեղանին դրեց սուրճով բաժակները։
– Ես սերով սուրճ չեմ խմում,- ասացի, ուղղակի մի բան ասելու համար։
– Սերով սուրճը Ձեզ համար չէ, պապիս համար է,- ասաց Անուշը, սերով սուրճի բաժակը քաշեց պապի դեմն ու գնաց, իսկ ես հիմարավարի աչքս չկտրեցի, հայացքով գնացի նրա հետևից, հանկարծ նա շուռ եկավ, բռնեց իմ հայացքը, չարաճճի ժպիտով լեզու հանեց ինձ ու անհետացավ սենյակ տանող դռնից կախած վարագույրի հետևում։
Զգացի, որ քրտինքի մանրիկ կաթիլները կաթ-կաթ ճակատիցս ընկան դեմքիս ու հոսեցին մարմնովս մեկ։
– Լեյտենանտ ջա՞ն, ասում ես, էդ ի՞նչ ահազանգ է եղել,- կարծես շատ հեռվից լսեցի Անուշավան Գևորգյանի ձայնը։
Էլ լեյտենա՞նտ էր մնացել, ի՞նչ ահազանգ, ի՞նչ բան, խելքս, ուշքս ու միտքս Անուշի հետ գնաց սենյակ։
– Հիմի, որ դու մեր աստիճանների վրա ընկար, ոտդ օլորեցիր, խուրդեքը թափան,- շարունակեց նա,- ո՞վ ա մեղավոր, ե՞ս, որ իմ տուն ես էկել, թե՞ իմ հարևան Սամոն։ Ամոթ ա, ամոթ, լեյտենանտ ջան, գնա պետիդ ասա, որ էն մարդիկ գյուղացի, հարևան մարդիկ են, մի օր լավ, մի օր խռով, մի օր բարիշ, էրէս-էրեսի ապրող մարդ են, ինչի՞ ենք չելած տեղից թշնամի սարքում, գցում իրար ջանի, ավելի լավ ա, դու գնա էն գող, ավազակներին բռնի, էն կաշառակեր շուն-շանորդիներին բռնի, էնքա՜ն կան։
Էլ ի՞նչ երկարացնեմ, էս գյուղ գալու առաքելությունն էլ մոռացա, պետիս հանձնարարությունն էլ։ Սուրճն էլ խմեցի, հետո Անուշավան պապի քաշած թթի արաղն էլ փորձեցի։ Ի՞նչ անեի, ոտքիս ցավը մեղմել պե՞տք էր, թե՞ չէ։ Ոտքս էլ ի՞նչ, ուռեց ու կոշիկս էլ չէր մտնում։ Բայց աչքիս առջև գնացող-եկող Անուշը ոտքս էլ, կոշիկս էլ, տո՛, ոտքիս ցավն էլ մոռացնում էր։ Ուշ երեկոյան միայն, երբ աշխատանքից վերադարձավ Անուշի մեծ եղբայրը, իր ավտոմեքենայով ինձ հասցրեց գյուղի տակ կանգնած մեքենայիս, ու ես ուշքս, միտքս, սիրտս էդ գյուղում թողած, հասա Աշտարակ։ Պետս ոտքիս վիճակը տեսավ, էլ չհանդիմանեց, որ դատարկ ձեռքով, առանց արձանագրությունների էի հետ եկել։ Էդպես էլ էժան պրծա։
Անցավ մի տաս-տասնմեկ օր։ Կիրակի էր։ Շատ անհանգիստ էի, չէ՜, մի մահանա պիտի գտնեմ, գնամ Կ․ գյուղ, տեսնեմ, Անուշավան պապի ոտքը ո՞նց եղավ, գիպսը հանե՞լ են, թողե՞լ են, մի խոսքով՝ պիտի Անուշին տեսնեմ։ Խանութից առևտուր արեցի, կարո՞ղ է դատարկ, ձեռքերս թափ տալով գնայի։ Գլուխս տնկեցի ու դեպի գյուղ։ Հասա Անուշենց դարպասի մոտ, մեքենան կանգնեցրի, իջա։ Դարպասի մոտ երկու մեքենա էլ կային կանգնած։ Աջից, ձախից նայեցի մեքենաներին, անելիքս էի որոշում, հանկարծ դիմացի տան պատշգամբից ձայն տվեցին․
– Լեյտենանտ, լեյտենանտ։
Նայեցի, Սամո ապերն էր։
– Արի, արի,- ձեռքով արեց նա։
Զգացի, որ մի բան էն չի։ Գնացի, մտա Սամո ապոր բակը։ Ընդառաջ եկավ, բարևեցինք։
– Արի, արի լեյտենանտ ջան, ես էդպես էլ գիտեի, որ ուշ-շուտ գալու էիր,- ինձ պատշգամբ առաջնորդեց նա։
– Հա, Սամո ապեր, եկա տեսնեմ, Անուշավան պապի ոտքն ինչպե՞ս է։
– Է՜, այ լեյտենանտ ջան, ես քո փորացավը լավ եմ հասկացել, մենք էլ ենք ջահել եղել, մենք էլ ենք էդ կրակով տապակվել,- ասաց Սամո ապերն ու ձայն տվեց,- Վարսո, Վարսո, մի դառը, սերով կոֆե դիր, ղոնախ ունենք։
Քիչ հետո Վարսո զալոն սուրճը բերեց։
– Վարսո՞, ասում ես՝ էդ Անուշավանենց դարպասի մոտ կանգնած ավտոներն ու՞մն են, ինչի՞ են եկել,- կնոջը դիմեց ապերը։
– Հա, Անուշի ուզողներն են։ Էս երեք օր ա, մեռան գնալով-գալով, Անուշին համոզելով, որ նշանը վերցնի, համա Անուշը էրկու ոտը դրել ա կոշիկի մի թայի մեջ՝ չեմ ուզում, որ չեմ ուզում։ Հերն ու մերն էլ համոզում են, թե՝ գյուղի, իրենց ճանաչած, լավ, ունևոր ընտանիքի տղա ա, ինքն էլ գյուղի մեջ իրա անասունների ֆերման ունի, աշխատող տղա ա, Անուշն էլ էս տարի մանկավարժականը կավարտի, կմտնի գյուղի դպրոցում դաս կտա, էլ ի՞նչ ա պետք, համա իրանց աղջկան չեն կարում համոզեն։ Մենակ Անուշավանն ա, որ ձեն չի հանում, հիմի սաղ նստած, նայում են պապի էրեսին։
Աշխարհը աչքիս մթնեց, ո՞նց թե՝ Անուշին ուզում են նշանել, ես խառնվեցի իրար։
– Սամո ապեր, ճար ունես, ճար արա, ես էլ եմ Անուշին ուզում, էն օրվանից ոչ քուն ունեմ, ոչ դադար,- առանց այս ու այն կողմ ընկնելու, դիմեցի Սամո ապորը։
– Տո, գիտեմ, գիտեմ, լեյտենանտ ջան, այ-հա՜յ, Սամոյի աչքից բա՞ն կփախնի, լավ էլ տեսել, զգացել եմ, այ, դրա համար էլ քեզ ձեն տվեցի, կանչեցի,- խնդմնդաց ապերը։
Ու ընկանք մտքերի մեջ, թե ո՞նց անեն, ի՞նչ անենք։
– Սամո ապեր,- հանկարծ ասացի ես,- վեր ելեք, հենց հիմա գնանք Անուշին ուզելու, ասենք՝ դու իմ մեծ հորեղբայրն ես, մինչև գնամ քաղաք, ծնողներիս հետ գանք, շատ ուշ կլինի։
Ապերը նայեց ինձ, նայեց Անուշենց տան կողմն ու ձայն տվեց․
– Վարսո, հագնվիր, էն Համոյի բերած կանյակն ու բամբաներկան բեր, գնում ենք աղջիկ ուզելու։
– Բա մատանի չկա,- շիվարեցի ես։
– Ոչինչ,- գլուխը սենյակից հանեց Վարսո զալոն,- էսօր կանյակով կեթանք խոսք ուզելու։
Ասացինք ու արեցինք։ Երբ ներս մտանք, առաջինը Սամո ապերը, հետո Վարսո զալոն, վերջում էլ՝ ես, բոլորը զարմացած մեզ էին նայում, ուզում էին հասկանալ, թե սա ի՞նչ հաշիվ է։ Ընդհանուր բարևեցինք, գնացինք, ծանր-ծանր նստեցինք սեղանի շուրջը։ Մի պահ քար լռություն տիրեց։ Սամո ապերը ինձ հանձնարարել էր ոչինչ չխոսել, խելոք ու համեստ նստել։ Նստել էի, բայց վայ էն նստելուն։ Հանկարծ, որտեղից որտեղ մի միտք եկավ, թե՝ բա որ Անուշը կանգնի, ասի, դու ո՞վ ես, ես քեզ չեմ ճանաչում, ոնց եկել ես, էնպես էլ գնա։ Բայց հիշեցի Սամո ապոր ինքնավստահությունն ու խաղաղվեցի, ապերն առանց մի բան իմանալու, ինձ չէր գցի հետևը, գար էս պահին էստեղ, հաստատ Վարսո զալոն Անուշի բերանի գոլը գիտեր, հաստատ էն օրվա իմ գալուց հետո Անուշի հետ բան էր խոսել։ Իհարկե, ինչպես արդեն հետո իմացա, հենց էդպես էլ եղել էր։
Անուշի ուզող տղայի մայրը սկսեց խեթել ապորն ու Վարսո զալոյին, թե անժամանակ էր իրենց գալը, բայց հանկարծ, երեք օր բերանը չբացած Անուշավան պապը իր բամբ ձայնով կեսուրացուին նստեցրեց տեղը, թե Սամոն իր ախպերն է, երբ ուզի կմտնի իր տուն, երբ ուզի դուրս կգա։ Ստեղծված անհարմար վիճակը մի քանի րոպե էլ շարունակվեց, մինչև կեսուրացուն, նոթերը կիտած, վեր կացավ, թե՝ դե լավ, մենք գնանք, իսկ դուք մտածեք ձեր ասելիքն ու մի բան որոշելուց հետո, խաբար կանենք։
Անուշի հայրն ու մայրը նրանց ճանապարհեցին ու հետ դարձան, միայն այդ ժամանակ Անուշավան պապը դարձավ Սամո ապորը։
– Սամո՞, լեյտենա՞նտ, դե, հիմի դուք ասեք, էս ինչ խեր, խաբար ա։
– Անուշավան ջան, իմ մեծ ախպեր, խեր ա,- հետո դարձավ կնոջը,- Վարսո, կանյակն ու բամբաներկան հանի։ Անուշավան ջան, եկել ենք Անուշին ուզենք մեր լեյտենանտին՝ Արտակին, էսօր խոսքն առնենք, մինչև էգուց Արտակիս հարազատները գան, հասնեն։
Հավատու՞մ եք, այդ պահից էլ չեմ հիշում, թե Անուշավան պապն ինչ ասաց, Անուշի հերն ու մերն ինչ ասացին, Սամո ապերն ինչ ասաց, միայն տեսնում էի մյուս սենյակ տանող դռան մեջ կանգնած ժպտացող Անուշին, որ լեզու ցույց տվեց ու փախավ։ Ու ինձ թվաց, որ այդ պահին Անուշն իրեն աշխարհի ամենաերջանիկ աղջիկն էր զգում։
Ուշքի եկա այն ժամանակ, երբ արդեն դրսում, մեքենայիս մոտ կանգնած, Սամո ապերն ասաց․
– Դե, Արտակ ջան, հիմի հանգիստ գնա, էգուց ծնողներիդ հետ, մատանիով կգաք ու էս գործը հորով-մորով կանենք;
Անցել են երկար ու ձիգ 30 տարիներ: Արդեն ոչ Անուշավան պապը կա, ոչ էլ Սամո ապերը, բայց նրանց վառ հիշատակը միշտ իմ ու Անուշի, մեր երեք զավակների հետ է։

Մելանյա Պետրոսյանց

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *