ԱՌԱՋԱԴՐՈՒՄ ԵՄ…

Ավելի քան մեկ տարի առաջ՝ 2015 թվականի փետրվարի 23-ին Սիրիայի հյուսիս-արեւլքում՝ Խաբուր գետի հովտում, որտեղ բնակվում էին քրիստոնյա ասորիները, Իսլամական պետության զինյալները գրավեցին միանգամից 35 մեծ ու փոքր բնակավայր։ Բնակիչների մի մասը հասցրեց փախչել, բայց մի քանի հարյուր մարդու պատանդ վերցրեցին եւ ասացին՝ մենք բաց կթողնենք ձեզանից միայն մեկին։ Թող գնա եւ փոխանցի ձեր հայրենակիցներին՝ ասորիներին, որ կարող ենք ազատ արձակել բոլորին, բայց յուրաքանչյուրի դիմաց պիտի վճարվի 50 հազար դոլար։ Պատանդներից մեկը՝ Աբդո Մարզան համաձայնեց, ճամփա ընկավ եւ հասավ Հասակե բնակավայրը, որը ասորիների տեղական համայնքի կենտրոնն էր, համայնքն էլ ղեկավարում էր եպիսկոպոս Մար Աֆրամ Աթնեյլը։ Երեք օր շարունակ հոգեւորականը զանգահարում եւ խորհրդակցում էր աշխարհի տարբեր ծայրերում ապրող ասորիների հետ, ի վերջո տվեց Աբդոյին կնքված մի ծրար։ Օրերս Աբդոն պատմել է Ասոշայթեդ փրեսի թղթակցին. «Եպիսկոպոսն ինձ ոչինչ չասած, միայն խնդրեց, որ ծրարը փոխանցեմ պատանդառուներին, բացարձակ գաղափար չունեի, թե ինչ է ծրարում։ Երբ տեղ հասա ու ծրարը փոխանցեցի ահաբեկիչների առաջնորդին, նա բացեց ու դեմքին ժպիտ երեւաց։ Ասաց. «Ձեր եպիսկոպոսը խելացի մարդ է երեւում»։ Մի քանի օրից ահաբեկիչներն ազատ արձակեցին երեք կանանց ու նաեւ Աբդոյի աղջկան։ Բայց ավելի քան 200 ասորիներ պատանդ մնացին։ Նրանց կյանքի գիննն էլ մնաց անփոփոխ՝ յուրաքանչյուրի համար՝ 50 հազար։ Այսինքն անհրաժեշտ էր հավաքել մոտ 11 միլիոն դոլար։ Ու եպիսկոպոս Մար Աֆրամ Աթնեյլը նախաձեռնեց համաասորական դրամահավաք՝ աշխարհով մեկ։ Ասորիները կապվում էին միմյանց հետ հեռախոսով, սոցիալական ցանցերով, հայտնում էին 226 պատանդների մասին լուրը եւ բանկային այն հաշվեհամարը, որին կարելի էր փող փոխանցել։ Միջոցառումներ էին անցկացնում տարբեր երկրներում։

Կանադայում համերգ էին կազմակերպել՝ տոմսի գինը մոտ 100 դոլար։ Եկավ հազար մարդ, հավաքվեց 100 հազար՝ երկու պատանդի կյանքի գին։ Ավստրալիայում ասորական ծագումով դասախոսը, որը դասավանդում է Մելբուռնի համալսարանում, տեղի եկեղեցում հավաք կազմակերպեց՝ եկավ մոտ 500 մարդ, ոչ բոլորն էին ասորի, բայց բոլորը որոշակի գումար հատկացրեցին պատանդներին ազատելու համար։ 
Փրկագին հավաքելու գործը ինքնին վտանագավոր էր։ Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2015-ի դեկտեմբերին ՄԱԿ-ը հատուկ բանաձեւ ընդունեց Իսամական պետության ֆինանսավորման դեմ պայքարի մասին, որտեղ ասված է. «Փրկագինը դարձել է ահաբեկիչների ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկը եւ մենք կոչ ենք անում հասնել պատանդների ազատ արձակմանը՝ առանց փրկագին վճարելու եւ քաղաքական զիջումներ անելու»։ Ինչ խոսք, լավ է ասված՝ առանց փրկագին վճարելու։ Կանադայում ապրող ասորի Անեքի Նիսանը հակադարձում է. «Դուք դատում եք բարոյականության տեսանկյունից եւ ես ձեզ լիովին հասկանում եմ։ Եթե մենք ահաբեկիչներին փող ենք տալիս, դրանով իսկ փաստորեն ֆինանսավորում ենք նրանց եւ այդ փողի շնորհիվ նրանք շարունակում ենք սպանել մարդկանց։ Բայց մենք, ասորիներս, քիչ ենք եւ պետք է օգնենք միմյանց»։ Կալիֆորնիացի օպերատոր եւ սցենարիստ Սարգոն Սաադին ավելացնում է. «Ասորիները բանակ չունեն, հատուկ ստորաբաժանումներ չունեն պատանդներին ազատելու համար, եւ ուրեմն մեր հայրենակիցներին փրկելու միակ միջոցը փողն է»։
Անցած տարվա սեպտեմբերին ահաբեկիչները ասորի պատանգներից երեքին նարնջագույն շոր հագցրեցին եւ գլխատեցին տեսախցիկի առջեւ։ Ուզում էին հասկացնել՝ փողը արագացրեք, մենք անվերջ չենք սպասելու։ Եպիսկոպոս Մար Աֆրամ Աթնեյլը կորցրել էր քունն ու հանգիստը, օրուգիշեր ամեն ինչ անում էր անհրաժեշտ գումարը հավաքելու համար։ Եւ 11 միլիոնը հավաքվում էր։ Նոյեմբերից սկսած գրեթե շաբաթը մեկ ահաբեկիչներն ազատ էին արձակում պատանդների հերթական խմբին։ Այս տարվա փետրվարին ավտոբուսը, որում գտնվում էին վերջին 43 պատանդները, հասավ Հասակե։ Եպիսկոպոսը դիմավորեց իր հայրենակիցներին՝ արցունքն աչքերին։ Շատերն են հիմա ասում՝ այս մարդը սուրբ է, միայն նրա ջանքերի շնորհիվ այս քրիստորնյաները ողջ մնացին։
Մոտ երկու տարի առաջ հիմնադրվեց Ավրորա մրցանակը, որը շնորհվում է այն մարդկանց, որոնք կյանքեր են փրկել։ Եւ ինձ հիմա հետաքրքրում է մի հարց՝ Եթե առաջարկեմ այս անգամ Ավրորա մրցանակը շնորհել ասորի եպոսկոպոս Մար Աֆրամ Աթնեյլին, որը փաստորեն անթույլատրելի բան է արել՝ գործարքի մեջ է մտել ահաբեկիչների հետ, բայց փրկել է 226 մարդու կյանք, ինչ արձագանք կստանամ։ Առաջադրում եմ…

Արմեն Դուլյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *