Աֆրիկյան թագավորը մի ընկեր ուներ: Նրա ընկերը, ինչ էլ պատահեր, միշտ ասում էր՝ լավ է: Թագավորը շատ էր սիրում որսի գնալ և իր հետ միշտ տանում էր իր ընկերոջը:
Մի օր առավոտ ծեգին նրանք որոշեցին կրկին որսի գնալ: Եղանակը հիասքանչ էր: Նրանք ստիպված չեղան երկար փնտրել իրենց որսը, և դեռ մեկ ժամ չէր անցել, երբ թագավորը եղնիկ տեսավ: Նա արագորեն հանեց զենքը և լիցքավորելիս վնասեց մատը: Արքան ճչաց ցավից և արագորեն սկսեց փաթաթել մատը: Եղնիկը, լսելով նրա ձայնը, փախավ ու անհետացավ անտառում: Թագավորի ընկերը շտապեց օգնության և սկսեց դարմանել վերքը: Մի պահ լուռ մնալուց հետո նա նայեց թագավորին և ասաց՝ լավ է: Թագավորը հետ քաշեց ձեռքը, բարկացած մի ապտակ հասցրեց նրան ու ասաց.
— Ինչպե՞ս ես համարձակվում, անզգա՛մ: Քո թագավորի մատը կտրվեց, և դա լա՞վ է:
Երեկոյան նրանք վերադարձան ամրոց. թագավորը հրամայեց բանտարկել իր ընկերոջը: Մի ամիս անց թագավորը նորից որսի գնաց, այս անգամ առանց իր ընկերոջ՝ միայն իր շքախմբով: Երբ նրանք հասան անտառ, հանկարծ չորս կողմից վրա տվեցին վայրենիները և սկսեցին կապկպել նրանց: Թագավորին և իր հետ եղողներին տարան իրենց վրանների մոտ և վառելով կրակը՝ սկսեցին ինչ-որ տարօրինակ երգեր երգել: Ամբողջ շքախմբին նրանք գցեցին եռացող կաթսայի մեջ, իսկ երբ հերթը հասավ թագավորին, բոլորը մի կողմ քաշվեցին: Մի քանի րոպեից թագավորը հասկացավ, որ բոլորն իր կապված մատին են նայում: Այս վայրենիները սնահավատություն ունեին և չէին ուտում այն մարդկանց, որոնց մատներից որևէ մեկը վնասված էր: Այսպես թագավորը փրկվեց: Վերդառնալով ամրոց՝ նա գնաց իր ընկերոջ մոտ և ընկնելով նրա ոտքերը՝ ասաց.
— Ների՛ր ինձ, քանի որ սխալ գործեցի ու քեզ բանտարկեցի:
Ընկերը հանդարտորեն ժպտաց ու ասաց.
— Լավ է:
Թագավորը զարմացած հարցրեց՝ ինչո՞ւ:
— Եթե դու ինձ չբանտարկեիր, ես այս վերջին որսի ժամանակ քեզ հետ կլինեի, և ինձ էլ կուտեին: Gayane