ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԱՅԻՆ ՀՄԲԻ ՀԵՏ

 

 Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը ընդունեց Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի մոնիտորինգային խմբի անդամներին: Հանդիպման նպատակն էր տեղում ծանոթանալ Եվրոպայի խորհրդի Տեղական ինքնակառավարման բարեփոխումների փորձագիտական կենտրոնի կողմից  մշակված  ծրագրի՝ Աշտարակ համայնքում «Հանրային էթիկայի հենանիշ» և «Մարդկային ռեսուրսների կառավարում»  բաղադրիչների իրականացման ընթացքին և արդյունքներին:

Ողջունելով խմբի անդամներին, համայնքի ղեկավարը, կարևորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը տեղական ինքնակառավարման ոլորտում, քանի որ դրանցով նոր աշխատանքային ոճ ու եռանդ է մտցնում կառավարման համակարգում: Նա նշեց, որ մեծ պատասխանատվություն է լինել նման ծրագրում, որպես փորձնական համայնք և հավաստիացրեց, որ ստացված արդյունքները ոչ միայն պահպանվելու են, այլև նոր ձևաչափերով դառնալու են կառավարման գործիքներ:

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարի տեղակալ Գևորգ Եղիազարյանը համառոտ ներկայացրեց Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև այլ ծրագրային կառույցների հետ համագործակցության արդյունքում մեր համայնքի ձեռքբերումներն ու հետագա անելիքները:

Համայնքի ղեկավարի հետ կայացած հանդիպումից հետո աշխատանքային խմբի անդամները նիստերի դահլիճում հանդիպում ունեցան նաև այն համայնքապետարանների ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես ընդգրկվել և մասնակցել են Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրին՝ ներկայացնելով իրենց համայնքների արդյունքները:

Ծրագիրը ներառված է Եվրոպայի խորհրդի` Հայաստանի գործողությունների ծրագրում և ֆինանսավորվում է Դանիայի կառավարության կողմից: Այն նպատակ է հետապնդում տրամադրել Եվրոպայի խորհրդի իրավական-փորձագիտական կարծիքը, քաղաքական խորհրդատվությունը և աջակցությունը տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև զարգացնել տեղական իշխանությունների կարողությունները:

Ծրագրի շրջանակներում կարողությունների զարգացման բաղադրիչներից մեկը հանդիսանում է նաև «Լավագույն գործելակերպի ծրագրի» ներդրումը տեղական իշխանությունների համար, որի նպատակն է բացահայտել, հրապարակայնորեն ճանաչել և Հայաստանի տեղական իշխանությունների շրջանում տարածել առկա լավագույն փորձը:

Աշտարակ համայնքը ևս «Քաղաքացիական մասնակցություն» բաղադրիչով ներկայացված հայտադիմումով՝ այս տարի արժանացել է գլխավոր մրցանակի:

 

Աշտարակի  համայնքապետարան