Աշխեն Մելքումյանի բանաստեղծություններից

Երբ հանդուրժող ես դառնում շատ հաճախ,
քեզ են նվիրում դերը հիմարի,
Երբ համբերում ես ու ներում հաճախ,
քեզ են պարգևում քծնանք ու հեգնանք:
Երբ դուռդ բախող շնչավորներին
տալիս ես մարդու կոչում վեհագույն,
Այնպես են հետո քեզ դարձնում գերի
իրենց ստոր ու նենգ մտքերին դժգույն:
Երբ սիրում ես շատ,տալիս քեզ մեկին,
զոհում քո կյանքը հանուն այդ սիրո՝
Մե՜կ է,կոտրում են,փնտրում ուրիշին,
այն մե՜կն է դառնում քեզ փոխարինող:
Ժպտում ենք ամեն անցնող-դարձողի,
հարցնում ՛՛ինչպե՞ս ես՛՛՝ անհուն ժպիտով,
Իսկ ի՞նչ է անում այդ ՛՛մերձավորը՛՛…
քարե՛ր է նետում կորցրած խիղճով:
………………………………..
Ա՛յդ է աշխարհի օրենքն ու կյանքը,
Ա՛յդ է,երևի,աշխարհի կարգը.
Մեկը ստանձնում է հիմարի դերը,
Իսկ մյուսն,ավա՜ղ,լուռ քմծիծաղում:

 

Հայացքդ մոխրացավ անուրջներիս մեջ,
հոգիս աղմկեց,իսկ սիրտս՝ տնքաց,
քո անսպասելի հեռացումը ինձ
պատիժ էր դաժան ու հարված կյանքից:
Մի հայացք ու վերջ…
հավերժալույսը դարձավ լոկ խավար,
իսկ խավարն,ավա՜ղ,անլույս ու մթին
ինձ համար բացեց դժոխքի ճամփան:
Դե ի՞նչ,սիրելի՛ս,,
Ա՞յդ էր քո մտքին,
թե՞ նոր խնդիր ես դրել քո առաջ,
թեև տվածդ հարվածները ինձ
բավական են խուլ դժոխքի համար:

՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚
Հայացքդ մոխացավ խենթ հուշերիս մեջ,
քեզանից մնաց լոկ տխուր հառաչ,
հոսում է,ահա,գետակը անվերջ,
իսկ դու ալիքվում աչքերիս առաջ:
Մեկ պտույտ-պտույտ լինող քամու պես
դիպչում ես մտքիս անեզր ցոլքին,
մեկ էլ հանդարտվում այն օրերի պես,
երբ հենվում էի քո փափուկ ուսին:

՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚
Այժմ ամեն բան դարձել է ավեր՝
և՛ հուշերս պաղ,և խոհերս՝ մերկ:
Դու մնա բարով ու գնա անդարձ,
քեզնից որպես հուշ հայացքդ մնաց:

 

Մարդկային հոգին՝ իբրև գաղտնարան,
իբրև թաքստոց տրված ի ծնե,
և,կամ ժառանգված մեր ծնողներից՝
հաճախ է տրտմում անզորությունից,
կամ,երբ սպասելուց հոգնում է մի օր,
դառնացած հայացք գցում աշխարհին,
ոռնում գայլի պես,եթե անզոր է,
և խեղդում իր մեջ արցունքներն անթիվ:
Բեկվում են հաճախ երկու բևեռներ՝
հանդարտ միտքը և պոռթկումը սրտի,
երբ միևնույն է դառնում երբևէ
արժեք ունեցող կյանքն ինքնին,
ու քիչ է մնում հարվածես սրտիդ,
անիծես ամբողջ աշխարհին այնժամ,
թեև գիտես քաջ,որ վաղ թե ուշ
այդ պահն էլ կանցնի ու կդառնա հուշ:

 

 

Գիտե՞ս,սիրելի՛ս,
հաճախ եմ կանգնում պատուհանի մոտ,
ու խորհում անձայն,
հետո շրջվում եմ դեպի փակ դուռը,
ու խո՜ր հառաչում,
որ դռան դիմաց,իմ շողքից բացի
ոչինչ չեմ տեսնում:
Դառնացած հոգով
ձե՜ռքս եմ վերցնում հեռախոսը իմ,
որ ոչ խոսում է,ոչ էլ մրմնջում,
այլ լռում է լոկ,
լռության միջից
ձա՜յնդ լսելի հոգուս դարձնելով:
Հիշու՞մ ես,արդյոք,
երբ վերջին անգամ հանդիպեցինք մենք կանաչ ծառուղում,
և մեզ անծանոթ ինչ-որ փողոցի երկայնքով անցանք,
նկատեցինք լոկ երկու նստարան,
ու այնքա՜ն փոշոտ,
որ փոշմանեցինք ու կողքով անցանք:
Հասանք մարդաշատ մի գունեղ պուրակ,
ուր երգում էին թռչունները խենթ,
պարուրում հոգիս գարունով այն տաք,
գգվում իմ սրտի նուրբիկ լարերին…
գրկեցինք իրար՝ լու՜ռ,շփոթահա՜ր,
ձեռք ձեռքի տված անխոս հպվեցինք,
կարծես վախեցանք՝ կկորցնենք իրար:
Երազ էր թվում հեքիաթն իրական,
Բայց երազ չէր այդ,այլ արկած փոքրիկ,
աշխարհում շուրջս արև էր անմար,
չէի նկատում,որ կան շատ մարդիկ:
Անցավ ժամանակը,սահեց շատ արագ,
տունդարձի ճամփան բռնեցի շուտով,
քայլում էինք մենք ժպիտով անմար,
թեև խո՜րը,լու՜ռ ափսոսանքով:
Հրաժեշտ տվինք երկուսս իրար,
և հրաժեշտի տխուր վայրկյանին
դեռ դողում էին ձեռքերս,ավա՜ղ,
և դողում էին շուրթերդ լռին:
Եվ մինչև այսօր խելքի չեմ գալիս,
և մինչև այսօր հիշում եմ ես դեռ
և՛ փոշեպատ նստարանները,
և՛ կանաչազարդ չքնաղ այն այգին:
Հուսավորվում եմ լուսե հուշերով,
հավատում,նորից գալու եմ ես ետ,
պարուրվելու եմ քո սիրո ուժով,
տանելու եմ քեզ,տանելու եմ հետ:

Հեղինակ`Աշխեն Մելքումյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *