«Աշխարհի իսկական կենտրոնը Գյումրին է՝ հմը շատ պետություններ չտեսնելու կուդան»

«Աշխարհի իսկական կենտրոնը Գյումրին է՝ հմը շատ պետություններ չտեսնելու կուդան»

Երանուհի Սողոյան

 

12:00, 24 մայիսի, 2016

«Վարը հանդիպի՞նք»,-Արսենի ձայնի մեջ եւ հարց կա, եւ տված հարցի պատասխանը միաժամանակ:  «Հա, կարելի է, Վարդանանց արձանախմբի մոտ կսպասեմ, մնում է միայն Էմմային էլ զգուշացնեմ»: «Ըդիկ իմ տեգերկինն է»,-խոսափողի մեջ պայթում է Արսենի ծիծաղը: «Տեգերկին» բնորոշումն ինձ ուրախացնում է՝ նշանակում է թեժ քննարկում է սպասվում ու շատ ավելի ուրախ է անցնելու հանդիպումը, քան թե ես եմ պատկերացնում:

Դեռ հեռվից նկատում եմ Վարդանանց արձանախմբի հարեւանությամբ գտնվող նստարաններից մեկի անկյունում տեղավորված Էմմային: Մեր երեքից պարտաճանաչը նա է՝ 20 րոպե շուտ է եկել ու հիմա խելոք նստած` ինչ-որ թղթեր է ուսումնասիրում: Արսենն ինչպես միշտ զբաղված է տարատեսակ գործերով ու արդեն հասցրել է զանգել զգուշացնել, որ կես ժամ կուշանա:

Էմմա Բաղդասարյան-Արսեն Վարդանյան տանդեմը հասցրել է ինձ համար Գյումրիում իրականացվող հետաքրքիր նախաձեռնությունների ու ծրագրերի խորհրդանիշը դառնալ: Քաղաքում ակտիվ երիտասարդները շատ են, իրականացվող ծրագրերն էլ քիչ չեն, սակայն այս երկուսին կարելի է հանդիպել ամենաանհավանական, գյումրեցու ասած՝ «ամենասայլուգ» նախաձեռնությունների կենտրոնում: Հիմա էլ որոշել են Գյումրիում «Հումորի պատ» ունենալ:

Պատի ձեւի եւ ֆունկցիոնալ կիրառության առումով Էմմայի ու Արսենի կարծիքները տարբերվում են: Որոշակի հայտարարի երիտասարդները դեռ չեն կարողանում գալ, բայց այս դեպքում կարեւորը գաղափարն է, երբ մանրուքներում գան համաձայնության, ձեռնամուխ կլինեն իրականացմանը: Ամենակարեւորը՝ «խելռի նման էս քաղաքը սիրելն է, մնացածը տեխնիկայի հարց է» կատակում եմ ես ու հիշեցնում ֆեյսբուքյան գյումրեցի օգտատերերից մեկի հեղինակած կանոնները, որ կարելի է  ցանկության դեպքում հետագայում շարունակել.

«Ես Արսենի պատկերացրած «Հումորի պատը» քիչըմ տրանսֆորմացված ձեւով կտեսնիմ,-բացատրում է Էմման,-Արսենը կառաջարկե, օր հումորները գրենք, լինի քարացած ձեւով, ինքը պատի վրա փակցված ինչ-որ ցուցանակների տարբերակով էղնի: Քաղաքի որոշ փողոցներում հիմի օր քայլենք՝ ցուցանակներ կտեսնիք պատերի վրա գյումրեցոնց մասին ու գյումրվա հումորից պատառիկներ: Հըմի ինքը կառաջարկե էդ ամենը մի տեղ միավորենք: Ես առաջարկել եմ, օր էդ պատ կոչվածն ավելի շատ լինի ինտերակտիվ: Դե, ասենք, մի մասը պահենք Արսենի ասած տարբերակով՝ անփոփոխ, ընդունված ու սիրված անեկդոտներ լինեն, իսկ մյուս հատվածը փոստարկղի ձեւով՝ ավելի ճիշտ գրատախտակի, որի վրա ասենք էդ օրվա հումորը կկպցնենք»:

Էմման առաջարկում է «Հումորի պատի» վրա տեղադրել փոստարկղ, որի մեջ հավաքվելու է օրվա անցուդարձից հումորային պատառիկներ, բացատրում է, որ գյումրեցին «քայլող հումոր» է՝ սուր խոսքը «գրպանում պահած», եւ կարիք չունի հատուկ անեկդոտներ ստեղծելու: Տարածված կարծիք կա, որ նույն Պոլոզ Մուկուչին վերագրվող անեկդոտներից շատերը ժողովրդի ստեղծածն է եղել: «Թեկուզ վերցնենք հենց էսօրվա իմ հետ պատահածը,-ասում է Էմման,-Կիրովով կիջնեի, երկու  մարդ կանգնած էին ու խղճալի հայացքով սկսեցին ընձի նայել, մեկ էլ մեկը մյուսին թե՝ տեսնիս մենք ե՞րբ բդի էս սոցիալական նեղ վիճակից դուրս գանք, օր էս երեխուն ջնսի փող հավաքենք տանք, էս պատռած ջինսը հանե հագից»:

Ծրագիրն իրականացնելու համար նախ հարմար պատ է պետք, կարեւոր է նաեւ վայրը, որ անպայման կենտրոնում լինի: Սա ինչ-որ կամակորություն չէ, նշում է զրուցակիցս, նպատակը տուրիստների համար հասանելի լինելն է: Գաղտնիք չէ, որ Գյումրի այցելող տուրիստական խմբերին քաղաքի ծայրամասային թաղամասեր չեն հասցնում՝  ճանաչողական պտույտը հիմնականում լինում է Կումայրի արգելոցի տարածքում: Եվ ցանկալի է, որ «Հումորի պատն» էլ լինի կենտրոնական փողոցներից որեւէ մեկում՝ հասանելի ու մատչելի ոչ միայն տեղացիներին:

Քաղաքապետարանը տեղյակ է երիտասարդների նախաձեռնությանը: Քաղաքային իշխանություններն ասել են` դիմեք հստակ ծրագրով, մենք ձեզ կօգնենք: «Բայց հենց էդ դիմելու պահից հետո չգիտես ինչու խնդիրներ կառաջանան, արդյունավետությունը չեն տեսնի մեր գաղափարի, թերահավատ մոտեցում ունեն, մտածում են՝ ինչ ձեւով բդի էնենք, հետո ո՞վ պետք է հետեւի, պետք է, թե՞ պետք չէ մեր քաղաքին նման բան: Մյուս կողմից էլ՝ մենք ենք մե քիչըմ թամբալ, ամբողջական փաթեթ չունինք ներկայացնելու, հեչ ժամանակ չենք գտնի իրար գլխի հավաքվելու»,-ծիծաղում է զրուցակիցս:

Մեզ է միանում Արսենը՝ դեռ հեռվից հետաքրքրվելով, թե իր «բմբուլները հո քամուն չենք տվել»: Զրույցը կրկին աշխուժանում է: Արսենն իրեն բնորոշ կեսկատակ-կեսլուրջ տոնով սկսում է պատմել անեկդոտների պատի ստեղծման գաղափարի ծնվելու պատմությունը: «Մի օր նստած ընկերներով կխոսայինք, թե քաղաք էս ունենանք, էն ունենանք, ընկերներիցս Գեդեոնը Սիմոնյան, օր չիդեմ ինչխ էր եղել, համարձակվել առանց մեզի Դանիա էր գնացել, էնտեղից հետը բերել էր «ուրախ պատի» գաղափարը: Մարդիկ կվճարեն սիմվոլիկ 3-ից 5 եվրո գումար, կմոտենան էս պատին ու իրար հետաքրքիր մաղթանքներ, խնդալու բաներ կգրեն: Մենք էլ ըսեցինք, թե եկեք էս իդեան փոխենք, դարձնենք անեկդոտների պատ ու էս ամեն ինչը տուրիստական շեշտադրում ունենա»:

Ներքին տուրիզմը զարգացնելու շատ լավ հնարավորություն է քաղաքում եւս մի հետաքրքիր, միայն գյումրեցուն բնորոշ ինչ-որ բան ունենալը, ասում է Արսենը: Մարդիկ կան, որ Գյումրի են այցելում ելնելով զուտ գաստրոնոմիական հետաքրքրությունից՝ խաշ, քյալլա, Ձկան ձորում ձկան համտես: Զբոսաշրջիկների մի շերտ էլ կա, որին միայն մշակույթն է հետաքրքրում, մեկ այլ հատված էլ սիրում է պարզապես թափառել գյումրվա հին թաղերով ու վայելել Կումայրի արգելոցում գտնվող շինությունների գեղեցկությունը: Նրանց բոլորին կարող է միավորել «Հումորի պատը»:

«Դու եղե՞լ ես Գյումրի, հա՞, լավ ես էրել, խաշը կերա՞ր, քյալլեն կերա՞ր, մուշուրբով ջուր խմեցի՞ր, Ձկի ձոր գնացի՞ր , էս փողոցն եղա՞ր, էն թանգարանը մտա՞ր, հբը անեկդոտների պատի մոտ չես գնացե՞լ: Մոտավորապես էս տիպի շեշտադրությամբ գուզենք էղնի,-Արսենի բարձր ձայնն ու մեր համերաշխ ծիծաղը գրավում են հատուկենտ անցորդների ուշադրությունը,-սկզբում խնդացին վրես, թե լացի պատ կա, դու էլ գուզես ծիծաղի պատ ստեղծես, սկզբնական շրջանում գաղափարը, գոնե իմ ընկերների կողմից, դեռ շատ լրջորեն չի ընդունվել, բայց ես վստահ եմ, որ հենց սկսենք, արդյունքները լինեն՝ էս ամեն ինչին այլ մոտեցում կցուցաբերեն»:

Որպես օրինակ Արսենը բերում է ֆեյսբուքյան «Կատակում են գյումրեցիները» էջի օրինակը: Երբ սկսել էին՝ 40-50 հետեւորդ ունեին, իսկ հիմա 49 հազարից ավելի են ու շատ շուտով կհատեն 50 հազարի շեմը: «Խումբը սիրելի է դարձել շատերի համար, մարդիկ կմտնին էջ լիցքաթափվելու, ուրախանալու, անեկդոտներ պատմելու, իրար հետ հումորի միջոցով շփվելու համար: Քաղաքականությունը հոգնեցնե գը, օրվա անցուդարձը շատերի համար ահավոր սթրես է եւ ահա կա հարթակ, ուրդեղ օր դու կարող ես էդ ամենը թեկուզ ժամանակավոր մոռանալ: Մեր առաջարկած պատն էլ հենց այդ ֆունկցիան է կատարելու՝ գուզենք օնլայնը փոխենք օֆլայնի»,-նկատում է Էմման:

«Երբ օր էս  «Անուշ խորաթեքը» կփակցնեինք փողոցներում, մարդիկ կըսեին՝ տո դե լավ է՜, էլի սկսեցին ըսոնք, մե քանիմ հատն էլ գողցան՝ իրանց թիքին յուղ քսվավ, մյուս կողմից էլ կմտածեմ, եթե գողցե տարել են՝ ուրեմն ըդուր կարիքը կա, ուրեմն ընդունվել է, բայց գոնե տարած իրանց տան պատին զարգած էղնին, սիրտս հովնա իմանամ: Էդ ամեն ինչը մեզի թեւ տվավ, որովհետեւ եղած արձագանքը շատ դրական էր ու  իբր քիչ էինք օդերով, յանի քիչ էինք ամպերին հասած՝ էդ ամեն ինչը մեզի ուժ տվավ, որ մշակենք մի այլ գաղափար: Ի վերջո` բդի հասկընանք, օր աշխարհի իսկական կենտրոնը Գյումրին է՝ հմը շատ պետություններ չտեսնելու կուդան»,-ծիծաղելով հավելում է Արսենը՝ հիշելով փողոցներում փակցրած գյումրվա «խորաթեքից» մեկը:

Որպես վերջաբան խնդրում եմ, որեւէ զվարճալի պատմություն հիշել, որի այսպես ասած, հիմնական գործող անձինք անձամբ իրենք են: Նաեւ զգուշացնում եմ, որ նյութում պահպանելու եմ գյումրվա բարբառը, որով ընթացել է ողջ զրույցը: Էմման հիշում է սահադաշտի ստեղծման օրերին ծնված հումորային պատմություններից մեկը.

«Եթե կհիշեք սահադաշտի գաղափարը Գյումրիում անցած տարի իրականացրեցին 7 տղաներով, բայց ես միշտ ամեն օր, կամավոր գուկայի, կօգնեի, տեսնեի ինչ կար չկար: Առաջին չմուշկներն էլ, օր տղաները բերեցին՝ առաջինն ինձ են ձեն հանել, թե արի փորձի: Ես մինչեւ օրս, ինչքան էլ ամոթ էղնի խոստովանելը, կոշիկի կապիչներ չեմ կարողանում կապել: Ու հիմի չմուշկները հագել եմ, բայց տղեքը կկապեն կապիչները: Էդ րոպեին տեսնիմ Արսենը գուկա ինչ-որ բանից շատ ջղայնացած ու էդ բարկությունը, բնականաբար, իմ վրես բդի թափեր, որովհետեւ արդեն տեսել էր տղեքին դեմս չոքած: Հըմի հեռվից կգոռա. «Ախչիկ ջան, ոտքերդ սարքել ես սրբի դուռ, ով եկավ՝ չոկիգը դեմը»: Ու մնացել էր թեւավոր խոսք՝ Էմման ու 7 թզուկները, հետո տրանսֆորմացրին, քանի որ ես սպիտակ մաշկ չունիմ, կսեին՝ Սեւաձյունիկն ու 7 թզուկները»:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *