Հաշմանդամային սպորտի զարգացման նոր մեկնարկը ՀՀ ԱԻՆ-ում տրված է

Առաջնային նպատակ ունենալով աղետների նվազեցումն ու կանխարգելումը՝ ՀՀ ԱԻ նախարարությունը մեծ կարևորություն է տալիս նաև առողջ ապրելակերպին և սպորտին:

Հաշմանդամների հանրապետական 15-րդ մարզական փառատոնին մասնակցություն ունեցած համակարգի 9 հաշմանդամ աշխատակցի պարգևատրման ժամանակ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ շատ շուտով ԱԻ նախարարությունը կունենա «Արտակարգ սպորտային ակումբ», որը կնպաստի նորանոր հաղթանակների ձեռքբերմանը:

Այսօր արդեն արված են առաջին լուրջ քայլերը՝ հաշմանդամային սպորտի ակտիվացման ուղղությամբ: Հաշմանդամների բասկետբոլի թիմը, որի կազմում են նաև ԱԻՆ 8 աշխատակիցներ այսուհետ հնարավորություն կունենա պարբերաբար մարզվել և լիարժեք պատրաստ լինել՝ միջազգային հարթակներում երկրի պատիվը բարձր պահելու համար:

ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սևակ Մխիթարյանը, ով նաև թիմի ավագն է, նշում է.

-Անվասայլակով բասկետբոլի մեր «ԱՐՏԱԿԱՐԳ» թիմը հնարավորություն ունի շաբաթը երկու անգամ մարզվել Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող նախկին «ՄԻԿԱ» մարզահամալիրում: Հավատով ենք, որ մարզիչ Հարություն Եսայանի ղեկավարությամբ և կանոնավոր մարզուների դեպքում մենք կկարողանանք մասնակցել արտերկրում կազմակերպվող մրցումներին:

Ս. Մխիթարյանը նշում է, որ նախարար Դ. Տոնոյանի խոսքը շատ արագ գործով հաստատվեց, ինչը ևս ոգևորիչ է: Առաջիկայում նաև նախատեսվում է ձեռքբերել բասկետբոլի համար նախատեսված հատուկ սայլակներ և անհրաժեշտ գույք:

2012թ.-ից ՀՀ ԱԻ նախարարությունում աշխատանքի են ընդունվել երեք տասնյակից ավել սայլակավոր հաշմանդամներ, ովքեր այսօր համակարգի մեծ ընտանիքի լիիրավ անդամն են: Նախարարությունում ստեղծված են բոլոր պայմանները հաշմանդամություն ունեցող աշխատակիցների ազատ տեղաշարժման և աշխատանքի կազմակերպման համար, իսկ երկրորդ մասնաշենքում տեղադրված վերելակը հնարավորություն է տալիս սայլակավոր հաշմանդամ աշխատակիցներին օգտվել նաև մարզադահլիճից՝ պահպանելով ամենօրյա մարզումների գրաֆիկը:

ՀՀ ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցներն ապրում են ակտիվ սպորտային կյանքով՝ լավագույնս դրսևորելով իրենց և նոր արդյունքներ գրանցելով: