Պատկառելի մի ծերունի`http://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/19029637_425282894513309_5536394936177129850_n.jpg?oh=83276af81381a2f0f71ec034ebd05728&oe=59A2570D alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="291" height="218" />
Սաստիկ հուզված,
Օտար երկրից`
Իր հայրենի տունն էր դառնում`
Թոռան ձեռքն ամուր բռնած։
Արցունքներ կային
Աչքերի մեջ նրա`խամրած.
Իր մանկության տաք օրերն էր
Անվե՜րջ հիշում՝ վաղուց անցած։
Երբ մոտեցավ կիսախարխուլ
Իր տան շեմին՝
Ձեռնափայտը դողդողալով
Հենեց պատին։
Դժվարությամբ խեղճ ծերունին
Մի կերպ ծնկեց
Ու կարոտով իր հայրենի
Հողն համբուրեց։
Իր տեսածից՝ թոռը
Կարծես, մի պահ նեղվեց
Ու պապիկին ծնկած տեղից
Արագ հանեց,չդիմացավ,
Նա պապիկին հանդիմանեց.
֊Չե՛մ հասկանում, ա՜խր,
Պապի՛, ի՞նչ ես անում։
Պատճառն ի՞նչ է,
Հողն ինչու՞ ես դու համբուրում։
Երբ ծերունու հուզված հոգին
Քիչ հանդարտվեց,
Թոռան հարցին`
Նա ժպիտով պատասխանեց.
֊Երբ Մայրիկիդ մի քանի ժամ
Դու չես տեսնում,
Չէ՞ որ դու էլ հանդիպելիս`
Նրա այտն ես ձիգ համբուրում։
Հայրենիքն էլ՝ Մայրն է հայի,
Անգի՛ն որդի,
Ու կարոտի ցավ կա
Սրտում խեղճ պանդուխտի։
Ուր էլ լինես,
Քանի երկիր դու ճամփորդես`
Այս խոսքերս միշտ կհիշես`
Քո սեփական տունը, որդի՛ս
Հայրենիքում պիտի՛ շինես։
09.06.2017

Խոնարհվեցիր պաղ շիրիմին
Ու երդվեցիր,
Որ ողջ կյանքում է՛լ չես սիրի.
Դե՛,իսկ հիմա վե՛ր կաց, Այրի՛
Հայացքդ առաջ,կեցվածքդ`ձիգ
Քո փշածածկ ճամփով քայլի՛ր,
Արցունքներդ մաքրի՛ր, Այրի,՛
Արդեն անցած կամուրջներդ`
Դու մոռացիր, կամ էլ այրիր,
Թո՛ղ խանգարեն քամիները
Բիրտ ու վայրի՝
Դու ուժեղ ես, քայլի՛ր, Այրի։
Հեռու վանի՛ր, դեպ քեզ մեկնած
Ձեռքերն աղտոտ`
Իբր օգնող,բայց արդյունքում՝
Քեզ վնասող,հոգիդ լափող։
Առավոտ վաղ, բարձդ էլի դի՛ր արևին՝
Անքնության թաց հետքերը,
Թող արևը նորից տանի,
Իսկ դու ժպտա՛,նայիր Այրի,՛
Այգեպանդ քեզ թողել է
Ծաղկած այգին՝ իր շիվերով,
Դու, մշակի՛ր շիվերդ, Այրի՛
Թող ծառաստան դառնա այգիդ,
Ու քո կյանքի պաղ աշնանը,
Հասած բերքդ`դու վայելիր։

08.06.2017

Երբ մահանում է որևէ ջահել,
Ու ծնողները ողբու՜մ են,սգու՜մ`
Միշտ մտածում եմ ծառերի մասին,
Թե արմատները իրենց կորստով`
Ինչպե՞ս են ապրում։
Ամեն աշնան հետ հազա՜ր տերևներ,
Ամեն տերևը՝ աղջիկ գեղանի,
Անցնող տարվա հետ չորացած ճյուղեր,
Ու ամեն ճյուղը` մի որդի ուժեղ`…..
Կորցնում է ծառը իր զավակներին,
Բայց…. դիմանում է։
Գուցե՞ ցավից է իր արմատներով
Հողում մխրճվում,որ չտապալվի,
Կամ էլ ճյուղերով երկինք խոյանում,
Որ նրանց հոգու համար աղոթի։
Նույնն էլ մայրերն են մեր որդեկորույս,
Ովքեր ապրում են,բայց արդեն անհույս։
Եկող գարնան հետ`մերկացած ծառը
Նորից կծաղկի`հին ցավը սրտում,
Մինչդեռ մայրերին ոչինչ չի սփոփի,
Նրանց որդիքը էլ չեն դառնա տուն…

05.06.2017

Կգա մի օր`կհասկանամ,
Որ ապրելուց ուշացել եմ,
Կյանքն անցել է հենց իմ կողքով,
Իսկ ես կանգնած նույն կանգառում`
Իմ ապրելը`մոռացել եմ,
Միշտ մնալով իմ անցյալում,
Ներկաս` բախտի կամքին թողած`
Ապագայից վախեցել եմ։
Կհասկանամ,որ իմ կյանքում,
Ինչ կիսատ ու անկատար էր`
Էլ ետ չի՛ գա,
Սրտիս վրա ծանրանալով`
Զղջում,ափսոսանք կդառնա։
Օրը կգա, ու դռանս առաջ չոքած
Իմ տարիքը ինձ կհուշի,
Որ ժամանակն անտեսել եմ,
Միշտ կարծելով, թե կհասցնեմ
Ես դեռ ապրել ինքս ինձ համար։
Ու եղել եմ այնքա՜ն համառ,
Որ ինձ տված ամեն խորհուրդ
Լո՜ւռ լսել եմ,բայց շարունակ
Ես ապրել եմ այլոց համար,
Ինձ խնայել՝ թերացել եմ։
Կհասկանամ,որ իմ կողքին
Է՛լ չեն լինի անգամ նրանք`
Ում սեփական կյանքի գնով՝
Կյանք եմ տվել։
Կգա մի օր….
Ես հիմա էլ` այս ամենը հասկանալով՝
Նույնն եմ անում.
Դեռ կանգնած եմ իմ կանգառում,
Իսկ իմ ձեռքից`կյանքն է գնում։

31.05.2017

Դու ինձ ների՛ր,երբ հասկանաս,
Որ ես ինքս էլ սիրուց անհույս`
Քեզ սիրելու հույս եմ տվել,
Ես պարզապես ցանկացել եմ քեզ ապրեցնել։
Մի մեղադրի՛ր,երբ գիտակցես,
Որ ես արդեն տարիներով չեմ երազել,
Բայց քո ամեն երազանքը`
Միշտ փորձել եմ կյանքի կոչել։
Ընդամենը ցանկացել եմ,
Որ սովորի հոգիդ ճախրե՜լ։
Դու ինձ չատե՛ս,երբ գա մի օր ու հասկանաս,
Որ քո կողքին՝ ես իմ ճամփան մոռացել եմ
Ու քայլել եմ լոկ քո՛ ուղով,ձեռքս ձեռքիդ՝ ինձ ուրացած։
Ես էլ փորձեմ, սե՛ր, քեզ ներել՝
Բոլոր չապրած տարիներս,
Քո ձեռքերով հանգի՜ստ խեղդած երազներս,
Իմ հույսերի շիրիմները քեզնով սարքած,
Բոլո՜ր փակված ճամփաներս`հենց քո՛ կամքով ամայացած։
Դու ինձ ների՛ր,որ վերջապես քեզ ասեցի այս ամենը,
Ես էլ՝ փորձեմ ինքս ի՛նձ ներել,որ լռել եմ։

30.05.2017

Սենյակ,լռություն,
Մոմեր, մթություն
Ու խելագար սե՜ր։
Գինեհամ շուրթեր`
Սիրուց դողացող,
Մեղք շշնջացող,
Համբույր աղերսող։
Հուզմունքից սառած,
Բայց կրակ մատներ`
Իրարու խաչված։
Կարոտից ծնված
Տաքուկ արցունքներ՝
Աչքերից հոսող,
Ու գիշե՜ր,գիշե՜ր,
Սիրուց եռացող՝
Մեղավոր մի սեր։
Բայց չէ՞ որ սերը՝
Մեղք չի՛ ճանաչում՝
Ինչքան էլ միտքը
Քեզ կողքից հուշի,
Որ ձեռքերիդ մեջ
Սերն է ուրիշի`
Սիրտդ կհուշի.
֊Տիրի՛ր,նա քոնն է։
Ու մթության մեջ՝
Մենակ կլսվի
Շունչն ընդհատվող,
Զարկերը սրտի՝
Անդադար խփող։
Ու դու կխնդրես.
֊Երկարի՜ր գիշե՛ր,
Թո՛ղ արեգակը
Մի քիչ էլ սպասի։
Ու բնությունը`
Աղերսս լսի,
Իրար հաջորդեն
Երկար գիշերներ,
Որ իմ երազը`
Իրական կյանքը
Հավերժ անտեսի։

28.05.2017

Հեղինակ  ՝Աննա Հովհաննիսյան