Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:

Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած վերոնշյալ բնագավառների ներկայացուցիչներին հանձնել է պետական բարձր պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

 

***


Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Անկախության տոնի առթիվ պարգևատրման արարողության ժամանակ

 

Սիրելի՛ պարգևատրվածներ,

Հարգարժա՛ն հյուրեր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Նաև շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին և կոչումներին արժանանալու կապակցությամբ:
Անկախության տոնն իսկապես այն առանձնահատուկ օրն է, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի ամփոփել անցած տարում իր արածն ու չարածը: Անկախության ամեն մի տարեդարձ, իմ կարծիքով, առիթ է հաշվետվության. նախ՝ ինքդ քո առջև, ապա՝ գործընկերներիդ և վերջապես՝ ողջ հասարակության առջև:

Ուրախ եմ, որ այսօր մենք մեծարում ենք նրանց, ովքեր ոչ միայն անցնող տարում, այլև իրենց ողջ կյանքում աշխատել են նվիրումով, ծառայել են երկրին ու հանրությանը և արձանագրել լուրջ հաջողություններ իրենց ասպարեզներում: Ես այսօր չեմ առանձնացնում ոչ մի մասնագիտություն: Բոլորն էլ, ի վերջո, ծառայում են նույն նպատակին և անում մեկ ընդհանուր գործ, որ կոչվում է Հայաստանի համակողմանի վերելք:

Սիրելի՛ պարգևատրվածներ,

Այն, ինչին դուք այսօր արժանանում եք՝ մեդալների, շքանշանների և կոչումների տեսքով, իշխանությունների բարեհաճություն կամ նվեր չէ: Դրանք մեր ողջ ժողովրդի և երկրի գնահատականն են ձեր կարևոր և շնորհակալ գործունեությանը:

Այսօր և վաղը կյանք մտնող երիտասարդները պետք է ունենան չափանիշներ և ուղենիշներ: Նրանք պետք է իմանան, թե ի՛նչն է մեզ համար արժեք:

Մենք նաև ձեր օրինակով արժեքային համակարգ ենք սահմանում մեր հասարակության համար: Շնորհակալություն ձեզ, որ դուք կաք, որ դուք մասնագիտական բարձր մակարդակով և քաղաքացիական հստակ դիրքորոշմամբ օր-օրի ամրացնում եք մեր պետությունը:

Համոզված եմ, որ վաղը նման արժանավորները մեր երկրում ավելի շատ են լինելու, և մեր անկախության հաջորդ տարեդարձները մենք տոնելու ենք ավելի ամրացած և ուժեղացած:

Մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ գործի մեջ և երջանկություն անձնական կյանքում:

Շնորհակալ եմ և մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ: