Ծնվել Է1949թվականին Արթիկի շրջանի / Շիրակի մարզ / Գետափ գյուղում, մանկավարժի ընտանիքում: 1970 թվականին աշխատանքի անցել Արթիկի թիվ 5 մանկապարտեզում որպես դաստիարակչուհի: 1972 թվականին ընդունվել Է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվի և գրականության ֆակուլտետը, ավարտել՝ 1977- ին:1987 թվականին նշանակվել Է թիվ 1 մանկապարտեզի տնօրեն: Սկսել Է ստեղծագործել 1999 թվականից: Ստեղծագործությունները տպագրվել են մի շարք թերթերում, Շիրակի և Արթիկի տարեգրքերում, Ոգեզարթոնք ժողովածույում: 2015 թվականին լույս է տեսել բանաստեղծությունների 1-ին ժողովածուն՝ ,,Կապույտ անձրևի յոթնագույնը,, վերնագրով:

Դու ինձ համար հա՜ր երկինք մի լազուր,

Ես` ծվեն ամպիկ, քո ծիրում թևեմ,

Դու ինձ համար հա՜ր մի շաղոտ կածան,

Ես քո կածանից երբե՜ք չշեղվեմ:

Թե երգիչ դառնամ, իմ հեգ հանգերով,

Առասպելական գովքդ ինչպե՞ս երգեմ,

Թող դառնամ կրակիդ թեկուզ մի կայծ,

Գրկումդ հավե՜րժ, հավե՜րժ անթեղվեմ:

Ծարավ արմատիդ պա՜ղ ջրիկ դառնամ,

Դու՝ վեր խոյացող վեհաշուք բարդի,

Արտդ ոռոգող գո՜չ-գո՜չ գետ դառնամ,

Չթողնեմ հողերը քո անջրդի:

Դու կապույտի մեջ վեր հառնող մի լեռ,

Ես` քո բարձունքում ճախրող մի արծիվ`

Քեզնից անբաժան, աչքս քո վրա՝

Լինեմ պահապանդ գիշեր ու տիվ:

Իմ ամեն քայլին ես ինձ հաշիվ տամ,

Հայրենի’ք, ուսիդ ես բեռ չդառնամ,

Քո բեռն իմ ուսին շալակած տանեմ,

Որ քեզնից երբե՜ք ես չ`որբանամ… 

 

 

Մեր աչքը ճամփիդ ջուր կտրեց արդեն.
Ուշանում ես դու, ուշանում, գարու՛ն,
Կասե՞ս, երբ պիտի ձյունը հալ ընկնի,
Որ պանդուխտներս վերադառնան տուն:
Տանիքը փլվել, վրա չի գալիս,
Ծառը խռովել բողբոջ չի տալիս,
Արտը հարոս է, քամին՝ սերմնացան,
Տան եղած — չեղածը՝ ողջ ցիրուցան:
Ինչքա՜ն, դեռ ինչքա՜ն պահենք քո ճամփան,
Էս ու՞ր մնացիր, ախր, վա՜յ գարուն.
Կասե՞ս, երբ պիտի ձյունը հալ ընկնի,
Որ պանդուխտներս վերադառնան տուն:
 
. Իմ հույսը անթեղ կրակ է դարձել,
Ցավից տնքացող, բայց հա՜ր չհանգչող,
Դեռ տեսնելու եմ քո վեր հառնումը,
Դու իմ սրբասուրբ, պաշտելի՛ իմ հող:
Չեմ ուզում խոսել ցավերիդ մասին,
Չարչրկված բառեր չեմ ուզում ասել,
Իմ նպատակը մեկն է միմիայն՝
Մեր նախնյաց ոգով քեզ խրախուսել:
Անմնացորդ է սերս քո հանդեպ,
Ու հավատս քո ոգուն՝ աներեր,
Սպասում եմ դեռ քո վեհ թռիչքին,
Անվանդ փառքն ու պատիվը ե՜տ բեր:
Քո արքայական այն շքեղաշուք
Ծիրանին դու դեռ հագնելու ես վառ,
Ու նորոգ երկունքդ հավերժացող
Ես պիտի երգեմ, իմ Հայո՛ց աշխարհ: 
 
Առաջին ձյունի հետ մանկանում եմ,
Հասնում մանկության իմ ծիրը նորից,
Ճերմակ մի երազ՝ իմ ձեռքը բռնած,
Որոնում է մի ձյունածածկ երդիկ
Ու տան բակում՝ ինձ…
Առաջին ձյունի հետ այտիս վրա
Առաջին ձյունի փաթիլն է դողում,
Որ տեղ չհասած հալվում է,
Դառնում կապույտ կարոտի
Արցունքը վճիտ…
Առաջին ձյունի հետ քուլա՜,
քուլա՜ Մեր տան երդիկից
Ծուխն է ոլորվում, ամպերում կորչում՝
Ինչպես իմ անամպ մանկությունը ջինջ…
Հիմա այնտեղ մի դատարկ ճոճանակ
Օրորվում է՝ ցուրտ քամուն համընթաց.
Նստատեղին լոկ իրարու գրկած՝
Ձյունածածկ տերևներ են աչքերը թաց…
Լու՜ռ բարբառում են կարոտները իմ,
Ցնորքները իմ անցյալից վրձնած,
Առաջին ձյան հետ այցի են գալիս,
Ալեկոծում ինձ,
Ու սրտիս վրա իջնում է մի լու՜ռ,
Անամոք թախիծ
 
 
Էլի մենք ենք ու նույն խաչմերուկը՝
Մեր գլխին նորից ամպեր կուտակված…
Ա՜յ քեզ հայի բախտ. ո՞վ բաժին հանեց,
Ու՞ր մնացիր, ու՞ր, Ո՜վ հայի Աստված:
Հին պատմությունն է կրկնվում նորից.
Նույն ոհմակներն են երախները բաց,
Ներսում չեմ ջոկում՝ ով է ումոնցից,
Զատել չի լինում ոչ չոր, ոչ էլ թաց:
Թողնու՞մ են, որ խաղաղ բնավորվենք,
Գոնե մեր շունչը տեղը բերենք քիչ,
Բահի քիթը դեռ հողին չհասած՝
Թրերն են ճոճում մեր գլխին նորից:
Խաղեր են խաղում երկդիմի ու նենգ՝
Փորձում մեզ նետել կրակի բերան.
Հայը դեռ ինչքա՜ն, էլ ինչքա՜ն տեսնի
Ավար ու ավեր, թուրքի յաթաղան:
Բա չասե՞մ՝ ուր ես, Ո՜վ հայի Աստված.
Աղերս ու աղոթք էլ որտե՞ղ մնաց,
Թե որ աշխարհի աչքն ամենակուլ
Հոշոտման պատրաստ՝ մեզ է միշտ ուղղված:
 
Ի՜նչ իմանայի, որ Իմ թողած հետքերը կածաններին,
Դառնալու էին հա՜ր թանձրացած կարոտ,
Որ հենց կարոտից ծնված խոհերս
Գրիչ էին տալու իմ ձեռքին մի օր,
Ու բառն ու հանգն իմ պիտի ներբողեին
Կարոտիս երգերը աստեղնահուր…
Ի՜նչ իմանայի, որ
Քայլերս ուր էլ առնեին, ինձ տանեին,
Իմ հուշերի մեջ մնալու էին ջինջ
Լուսաբացներիդ շողանքները բյուր…
Որ սիրո ջերմությամբ ունկիս հասնող
Մրմունջներն անուշ
Ու գեղահրաշ քո հովիտների մեղեդին՝
Հոգուս այնքա՜ն հարազատ,
Պիտի դառնային հա՜ր
Իմ թախիծներին քաղցրալուր օրոր…
Ա՜խ, ի՜նչ իմանայի,
ի՜նչ իմանայի, որ
Անցյալի ամեն, ամեն մի օրը
Քամուց քշված մի տերև պիտ դառնար,
Կարոտ խնկաբույր…
 
Բանաստեծուհի Անահիտ Տիգրանյան