Սիրուց քաղցր սերն է էլի, ուրիշ քաղցր վայելք չկա,
Սիրեկանիդ ծոցն է էլի, նրա աչքերն են մեղրագույն,
Երբ գիշերով, նա գողե-գող․ հանկարծ տունդ կելնի կգա,
Կյանկդ, որ գորշ էր ու խավար, ցոլքեր կտա աստղի հանգույն։

Սերը ինքը վայելքների թագավորն է այս աշխարհում,
Սերը երկնի նման անհաս, ոչ մի եզր ու սահման չունի,
Թե դու հանկարծ նրան դնես մութ ու խոնավ մի քարայրում,
Արևն անգամ իր բոցերից ամիջապես կտժգունի։

Եթե չլիներ սերը կյանքում, ապրելն անգամ զուր կլիներ,
Պոետների հոգին ընբոստ որբի նման կխեղճանար,
Թռչող հավքն էլ կքարանար, կես ճամփին իսկ կզառամեր,
Բարի մորս սիրտը նույնիսկ միանգամից կչարանար։

Սերը հուր է, ուժ ու ոգի, անհատնելի ներշնչարան,
Սերը շունչն է տիեզերքի, նրա երազն անմարելի․ 
Մեր գոյության կանչն է հզոր, ամենասուրբ ավետարան,
Սերը վայելք, սերը գինի, հոգի՛, մարմի՛ն երանելի։

………..

Քո կրծքի վրա ,
Իմ շամամների հետքերն եմ թողել,
Հևքերն եմ թողել իմ շամամների,
Քո կրծքի վրա։
Իմ երազների բոցերն եմ թողել,
Ցողերն եմ թողել իմ կարոտների,
Իմ գիշերների խորհուրդն եմ թողել,
Քո կրծքի վրա։
Ես ինձ եմ թողել քո կրծքի վրա,
Իբրև աստղային անհուն մի ցոլանք,
Իբրև երկնային կապտաշունչ հառաչ,
Իբրև մի գաղտնիք,
Որ ծաղիկներն են միայն շշնջում։
Քո կրծքի վրա,
Իմ կուրծքն եմ թողել,
Իմ արևաշունչ համը շուրթերի,
Որը՝ քո հոգու ծովն է ողողել։
Քո կրծքի վրա,
Ես տիեզերքի երգն եմ սեպագրել,
Ինձ եմ սեպագրել,
Քո կրծքի վրա,
Որ դու չկորչես,
Որ չանհետանաս,
Չանառականաս,
Չփախչես հեռու,
Չփախչես ինձնից 
Ու չխեղճանաս․․․

…………..

ԳԱՐՈՒՆ Է, ԲԱՑ ԱՐԱ ԳԻՐԿԴ

Բաց արա գիրկդ, գալիս եմ նորից,
Գալիս եմ մարած կրակդ վառեմ, 
Գալիս եմ խորունկ իմ կարոտներից,
Որ մեռած հոգիդ նորից արարեմ։

Գալիս եմ ինչպես արևն է գալիս,
Ինչպես ամպրոպն է պայթում երկնքում,
Հետևիր ամեն, ամեն մի քայլիս,
Թեև գիշեր է , բայց չեմ երկնչում։

Գալիս եմ , որ քեզ իմ մեջ պարփակեմ,
Քեզ միաձուլեմ իմ տիեզերքին,
Իմ գալուց հետո դռները փակեմ,
Որ ականջ դնես իմ սիրո երգին։

Գալիս եմ ահա, հրաբխի պես,
Լավայի նման՝ լեռներից հոսող,
Գալիս եմ, գալիս ծաղկի նման հեզ,
Իբրև տուն ու լույս, իբրև հաց ու շող։

Բաց արա գիրկդ, գալիս եմ նորից,
Գալիս եմ մարած կրակդ վառեմ, 
Գալիս եմ խորունկ իմ կարոտներից,
Որ մեռած հոգիդ նորից արարեմ։

,,,,,,,,,,,,,,,,,,,,

ԵԹԵ ԱՅՆՊԵՍ ԼԻՆԻ

եթե այնպես լինի որ աշխարհի վրա,
Լոկ ես ու դու մնանք,
Լինենք մութ մի ձորում,
Եվ մի առու լինի,
Որ մեր պատկերն առած
Թռվռալով անցնի,
Եվ մեր շուրջը ծառեր,
Ծառեր լինեն կանաչ,
Կարմիր, դեղին ծառեր,
Եվ մի տխուր ուռի,
Արցունքներն իր թափի
Մեր մոլորված, հոգնած
Գլուխների վրա,
Հնար էլ չլինի տուն գնալու
Ու փակ լինի ամեն ,
Ամեն ճամփա,
Ու մենք իրար գրկած
Մի մութ ձորում բանդված,
Ոչինչ էլ չունենանք
Առնել, տալու,
Հազար տեսակ ցավեր,
Հոգսեր հազար տեսակ,
Մի կողմ դրած
Իրար նայենք անվերջ,
Մտնենք իրարու մեջ,
Ի՞նչ կլինի այն ժամ,
Եվ ի՞նչ կը զգանք արդյոք,
Գուցե դառնամ Եվա՞․․․
Դու էլ դառնաս Ադա՞մ․․․
Եվ այս կյանքը ծայրից 
Նորից մենք սկսենք։
Կը հավատա՞ս արդյոք
Իմ սիրելիս,
Որ այս կյանքը նորից մենք սկսենք։
Դու ինձ կոչես Եվա,
Իսկ քեզ կոչեմ Ադամ։
Կը հավատա՞ս արդյոք․․․

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

ԻՄ ՀԵՏԵՎԻՑ ՕՐԵՐՆ ԵՆ ԳԱԼԻՍ

Իմ ապրած կյանքից առաջ եմ ընկել,
Եվ իմ հետևից օրերն են գալիս։

Իսկ ես չգիտեմ թե ի՞նչ եմ անում,
Եվ ինչ է կատարվում աշխարհում այս սին,
Եվ տանը նստած ու՞մ եմ սպասում,
Աչքերս հառած հեռու ճամփեքին։

Օրերս անցնում են ,ա՜խ, այնպես արագ,
Արևից անգամ բան չեմ հասկանում,
Սիրտս վազում է մանկան պես արագ,
Արևն էլ ինձնից բան չի հասկանում։

Բայց ես աշխարհին ոչինչ չարեցի,
Եվ աշխարհն էլ ինձ ոչինչ չտվեց,
Չգիտեմ հիմա օրերն են քարշ գալիս,
Թ՞ե ես աշխարհում իմ վրա լալիս։

Իմ ապրած կյանքից առաջ եմ ընկել,
Եվ իմ հետևից օրերն են գալիս։

,,,,,,,,,,,,,,,,,,

ԻՄ ԴԱԺԱՆ ԷՊԻԳՐԱՄՆԵՐԻՑ

Դուք պտղատու ծառերի արմատներին էք հասնում,
Փորձում ձեր մաղձը դեղին արտահոսել նրանց մեջ,
Բամբասանքով ձեր ստոր՝ նրանց հոգին էք հանում,
Նրանց երազը մաքուր կամենում էք սպանել։

Ի՞նչ անուն տամ, ի՞նչ ասեմ ես ձեր քարացած սրտերին,
Ձեր շուրթերին, որոնցից թույնի շիթեր են ծորում,
Ձեր խորքերից պոռթկացող ատելավառ կրքերին,
Որոնք մարմին են առնում՝ մահվան մթին ձորերում։

Ափսոս որ դուք էլ կյանքում, ձեր բաժին կյանքն էք ապրում,
Ծնում գուցե ձեզ նման, հրեշավոր որդիներ,
Երբ մեկի տունն էք քանդում, թռվռում էք ու պարում․․․
Ա՜խ, ուր էր թե Տերը մեր, ձեզ երբեևէ չծներ։

Դուք ուզում էք ,որ մարդիկ ձեր անունն էլ միշտ հիշեն,
Դուք որ որդի պես եկաք, նրա կյանքով ապրեցիք,
Մարդիկ բարի՜, միամիտ, ձեզ հավատան ու լսեն,,
Դուք որ նրանց սրտերը ձեր սև բոցով այրեցիք։

Բայց իմացեք, որ դուք միշտ ճահճի մեջ էք մնալու,
Շների պես վայրահաչ՝ պիտի կանգնեք մեր դիմաց,
Անգամ մահից հետո մենք, գիտե՛նք որ չենք գնալու,
Դուք մութ, դուք գորշ ու չնչին, իսկ մենք գինի՛ ենք ու հաց։

Հեղինակ`Անահիտ Երեմյան