ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ — ԱՐՑԱԽ
Սարդարապատի անվեհեր քաջեր,
Արդարամարտի սուրբ նահատակներ,
Բաշ Ապարանն է կանգնած հաղթական,
Անպարտելի է ոգին հայկական:

Ամենայն հայոց սուրբ կաթողիկոս,
Գևորգ հինգերորդ, երկնային փարոս,
Հայոց Վեհափառ, երկունքվեց հոգիդ,
Խաչվեցիր զենքով, փրկեցիր ազգիդ:

Նժդեհյան սրով ճախրեցիր երկինք,
Անդրանիկներն են փառքդ հայրենի՛ք,
Սարդարապատի կռվում անվեհեր,
Կյանք առան հասուն երազները մեր…

Անպարտելի ես բանակ հայկական,
Բերդիր պատերդ ավերածության,
Ո՜վ քաջազուններ հայոց աշխարհի,
Ամեն թիզ հողդ կանչն է դարերի:

Օ՜, արդարության սուրբ նահատակներ…
Մի օր կտեսնե՜ք, խավարա՜ծ դարեr,
Որ ձեր վիհերի խորքում մնացին,
Տվայտանքները Ձեր հրեշածին:

Հանուն ցավերի այս մահասարսուռ,
Որտեղ էլ լինենք, հող իմ անձկալի,
Մենք միշտ կպահենք լույսը քո դեմքի,
Ու կջախջախենք հողմը չարիքի:

ՄԻ՛ ՏՎԵՔ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ
Լռությունից մի պատառ ես գողոցա հառաչով,
Ունայնության սև գոտին ես այրեցի սուրբ խաչով,
Սիրտս սոսկաց մենության ցավագալար ճիրանում,
Խնկարկվեցի մթության մահասարսուռ խորշերում:

Լռությունը կարոտիս մթության մեջ հոխորտաց,
Փլուզվեցին հույսերս, դառնությունից համրացան,
Անձավեցի ինքս իմ մեջ, հավատամքս հեկեկաց,
Այգս կորցրեց հույսի սերը, նենգ սրտերը քարացան:

Ամպոտել է լույսի սերը, Նարեկի՜ր Տե՝ր, Նարեկի՜ր,
Դավից երբե՛ք չկա բուժում, մեր հույսերը վառ պահիր,
Մարդիկ փոխվել են, չարացել ու դարձել են կեղծավոր,
Ազգիս թափած արյունն էր զուր, սա անեծք է դարավոր:

Որոշել են հողերը տալ գորշ գայլերին մարդասպան,
Ամեն կաթիլ արյան համար դեռ չտված պատասխան,
Այնքա՜ն զոհեր եղան կռվում, Տե՜ր, օգնիր քո զավակին,
Մասիսներս Ճերմակել, որբացել Վանն ու Անին:

Այս մարդիկ ե՞րբ կորցրին իրենց դեմքը մարդկային,
Ե՞րբ հասցրին աղտոտվել, թալանել սուրբ հայրենին,
Ե՞րբ նրանց սև հոգիները որոշեցին հող հանձնել,
Հայրենիքի համար ընկած շիրիմները օտարել:

Քեզ դավել են զավակներդ, բայց դու երբեք չես ներել,
Ու դարերի խորքից եկած մի մեծ անեծք են թողել,
Սատանայի չար խաղերից մենք երբեք չենք վախենա,
Եղերածին չարագործը մեզ պատասխան պիտի տա…

ՎՐԵԺ
Մեզ մի խոշտանգիր, ո՛վ ճակատագիր,
Մեր ցավը շատ է ու բազմատեսակ,
Մեր բախտի ճամփին դարձանք տարագիր,
Հայոց շեները թողիր ավերակ;

Ազգս դարձել է թևաթափ թռչուն,
Ու քամուց քշված ճամփորդ հուսահատ,
Երազանքներս թողեցիր անտուն,
Մեր հոգու կանչն ես իմ սեգ Արարատ:

Ճամփաներ տխուր ու՞ր եք մեզ տանում,
Օտար ափերում ողբն է անտունի,
Հողմահնոցում մեր հույսն է այրվում,
Սրբավայր դարձրու հողը հայրենի:

Մահվան ճիրանում մի հին ժողովուրդ,
Օսպանյան սրից փախած մազապուրծ,
Դեռ վրեժ ունի, ու գերված հողեր,
Ցեղասպանության անթիվ վկաներ:

Հային մահ չկա, պիտի պայքարենք,
Տուն պիտի բերենք մեր մասունքները,
Անի, Արդահան սուրբ վրեժ ունենք,
Զեյթուն, Կիլիկիա՝ բացեք դռները:

ՔԱՐԵՐԻ ԼԱՑԸ
Քարերի լացը լսե՞լ ես, որդիս,
Հայոց աշխարհի քարերն են ողբում,
Վերքերը սրտի խորն են, սիրելի~ս,-
Նրանց արցունքը այրերն են սրբում:

Դուք պիտի սրբեք արցունքը քարի,
Քարերի՜ լեզուն պիտի հասկանաք,
Վանքեր են պահված ժայռերի սրտում,
Նրանց աղոթքը դուք պիտի կարդաք:

Քարը ամրոցն է հայոց աշխարհի,
Մաքրիր խաչքարը աղոթքով լույսի,
Որդիս, կարոտս իջել է ծնկի,
Քարով կառուցիր մեր տունը հույսի:

ԽՈՍՈՂ ԽԱՉՔԱՐԵՐ
Քարերդ այնքա՜ն ցավոտ են խոսում,
Դեռ չի ամոքվել ցավը երկնքի,
Գետերդ այնքա՜ն տխուր են հոսում,
Դավից կարկամեց ճիչը երկունքի:

Մութ, ցավագալար մշուշների մեջ
Տրտմադավ հուշ է ամեն մի բառդ,
Սև կակաչներն են հառաչում անվերջ,
Ուր խոշտանգվել է ամեն մի քարդ:

Քարերդ այնքա՜ն ցավոտ են խոսում,
Արյուն է կաթում ժայռածերպերից,
Գետերդ այնքա՜ն տխուր են հոսում,
Եփրատն է ոռնում արյան կանչերից:

Թուրք մարդակերի մահաշունչ զենքից
Սարսափագալար թափվեցին գետը,
Հույսի աղոթքը կարկամեց ցավից,
Մարդագա՛յլ փակեց նեղ արահետը:

Խաչքարերդ սուրբ ցավոտ են խոսում,
Գետերդ արդեն խոլ հառաչում են,
Եփրատն իր արնոտ հուշերն է հեղում,
Ու ցավագալար դեռ մռնչում է:

Գետերդ նորից ցավոտ են խոսում,
Ամպերի սրտում հողմն է արցունքի,
Գետերդ ցավոտ, տխուր են հոսում,
-Ելնեմ –հրդեհեմ ցավը երկնքի:

ԵՂԵՌՆ
Հայրենիք իմ սուրբ, քո ցավի նման,
Ոչ մի ժողովուրդ թող ցավ չունենա,
Դեռ շատ սերունդներ կգան- կգնան,
Բայց թուրքի թողած վիշտը կմնա:
Երանի՛նրան, հազա՛ր երանի,
Ով շուտ մահացավ
Ու ահասարսուռ այդ կոտորածի
Սուգ ու շիվանի վկան չդարձավ:
Երանի՛նրան, հազա՛ր երանի,
Ով խելագարվեց, լուռ արձանացավ…
Ի՞նչ անեն նրանք, որ դեռ ապրում են,
Որ ցավը սրտում, դեռ տառապում են,
Ի՞նչ անեն նրանք, ում լուռ աչքերում,
Պատկերն է վառվող այն եկեղեցու,
Որը մոխրացավ արյան բոցերում,
Աղոթող անմեղ մարդկանցով լեցուն:
Այսքան ցավ ու վիշտ սրտներին առան
Ինչպե՞ս դիմացան, Ինչպե՞ս ապրեցին:
Մարդիկ լսում են ու չեն հավատում,
Որ մարդակերպը, մարդու է ուտում,
Առանց պատճառի ու առանց խղճի
Սրի է քաշել՝
Մեկուկես միլիոն անմեղ հոգիներ…
Այսօր մազապուրծ փրկված հայերի
Թոռ ու ծոռները ոտքի են ելել
Ու պահանջում են եղծարարներից
Իրենց պապերի հանցանքն ընդունել,
Մաքրելով խիղճը մոխիր-մրուրից,
Մարդկության դատին անձնատուր լինել:
Այսօր մենակ չենք, մեզ հետ միասին
Դատապարտում են եղեռնը մերժող
Եղերագործին,
Երկրներ՝
Որոնք ապաստան տվին փրկված հայերին,
Երկրներ՝
Որոնք սյունին են գամել եղերագործին:
Ի՞նչ անեն նրանք, պատասխան տվեք,
Ձեր վայրագության պատասխանն ու՞ր է,
Ինչու՞ եք լռում, դե խոսե՛ք թուրքե՛ր…
Չգիտե՞ք արդյոք, որ այս աշխարհում,
Անգամ, թե մի հայ մնար կենդանի,
Կառներ վրեժը քույր-եղբայրների,
Իր հայրենիքի, իր Մասիսների,
Սուրբ հողում ընկած նահատակների:
ՀԱՅՐԵՆԻՔ ԻՄ ՍՈՒՐԲ, ՔՈ ԹՈՒՐ-ԿԵԾԱԿԻՆ
ՄԵՐ ՁԵՌՔՈԻՄ ԴԵՌ ՆՈՐ ՊԻՏԻ ԿԱՅԾԱԿԻ…

հեղինակ`Անահիտ Դանիելյան