Այսօր Վիլյամ Սարոյանի մահվան օրն է

Վիլյամ Արմենակի Սարոյան /՝ William Saroyan/, ամերիկահայ գրող։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։

1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է և Սարոյանը եղբոր՝ Հենրիի և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ միասին տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։

Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։

Aquote1.png Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում: Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը, ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս և, ի վերջո, վռնդեցին դպրոցից… Aquote2.png
1922 թվականին, երբ մայրը նրան է հանձնում հոր թղթերի ու տետրերի մի կապոց, տասնչորսամյա Վիլյամն իմանում է, որ իր հայրը բանաստեղծ է եղել, բանաստեղծություններ ու պոեմներ է գրել «հին հայրենիքի» լեզվով։ Սա օգնում է Վիլյամ Սարոյանին կողմնորոշվել իր սեփական ապագայի հարցում։

1926 թվականին տասնութամյա Վիլյամը, որը մինչ այդ հասցրել էր փոստատար, սևագործ բանվոր և Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում սեզոնային մշակ աշխատել, թողնում է հարազատ ամերիկա-հայկական Ֆրեզնոն ու գնում Սան Ֆրանցիսկո: Աշխատում է որպես հեռագրատան ծառայող, սպորտային ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր։ Ոչ մի տեղ երկար չի մնում, ապրում է վարձով տրվող սենյակներում։

Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին, Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ…: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։ 1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը»: Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ 1940 թվականին Սարոյանը հրաժարվում է առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:

Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն։ Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով ու բարքերով։ Հայրենիքի մոտիվը, ինչպես և նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց կերպարները հակադրվում են ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *