Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին:
 ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Պետական իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով, իսկ իրավապահ մարմինները հավուր պատշաճի իրականացնում են օրենքով իրենց վերապահված հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության ապահովման գործառույթները:
 Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար:
 Հավաստիացնում ենք, որ ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ անօրինական գործողություն անհապաղ խափանվելու է իրավապահ մարմինների կողմից, իսկ դրանք կատարած անձինք վնասազերծվելու են և պատասխանատվություն են կրելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ     

     ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել այսօր առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ:

Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս եկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջութամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար: Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար: