Վայոց ձորի մարզի Բարձրունի սահմանամերձ գյուղը 400 բնակիչ ունի: Այս հունվարին այստեղից ընդամենը 2 հոգի է զորակոչվել: Արսենն ու Նորայրը 18 տարեկան են, երկուսին էլ բանակ են ճանապարհել այսօր:

Բարձրունին իր զինակոչիկներին ճամփա դնելու հետաքրքիր ավանդույթներ ունի: Նորայրի մայրը պատմում է, որ գյուղացիները զինակոչիկի տուն այցելելիս ամեն մեկը մի հավ է բերում որպես նվեր: Իր հերթին՝ ընտանիքը մեծ խնջույք է կազմակերպում, որին հրավիրվում է ամբողջ գյուղը:

Նախիջեւանի հետ սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա գտնվող Բարձրունիում երիտասարդներին բանակ ճանապարհելը տոնի պես մի բան է:

79-ամյա Արմենակ պապը 6 թոռ ունի, ուրախությամբ է Նորայրին բանակ ճանապարհում, չնայած աֆղանական պատերազմում կորցրել է որդուն՝ Նորայրի հորեղբորը:

Նորայրը հենց նրա անունն է կրում: Պապը ճակատագրի կողմից եւս մի ծանր հարված է ստացել մի քանի տարի առաջ, երբ դժբախտ պատահարի հետեւանքով՝ կայծակի հարվածից, դաշտում մահացել է Նորայրի հայրը: «Հայրենիքը նման է տնտեսության հոր եւ մոր: Եթե դու չես կարողանում քո հորն ու մորը պաշտպանես, հայրենիք չես պաշտպանում: Մարդը պիտի լինի լիարժեք եւ պատասխանատու, ոչ թե տատանվող. եթե պատասխանատու չեղավ, նա ոչ մի բան չի անի»,- ասում է Արմենակ պապը:

Նորայրը պատմում է, որ փոքրուց իրենց տանը զինվորականներ է տեսել, ովքեր եղել են ոչ միայն պապի ընկերները, այլեւ անծանոթ տղաներ, ում տատն ու պապը հաճախ հյուրընկալել են: Բարձրունիում բանակ, զինվոր, դիրք, սահման հասկացություններն առօրյայից անբաժան են: Գյուղի դիմացի սարերին հայկական խրամատներն են, սարերից այն կողմ՝ հակառակորդի դիրքերն ու Նախիջեւանի բնակավայրերը: «Զինվորական ծառայությունը պարտք է, որ պիտի կատարենք,- ասում է Նորայրը,- մեծանալով էս գյուղում՝ գիտես, որ պատրաստի մարտիկ ես, ու գիտես, թե ինչի համար ես գնում բանակ»:

Բանակ ճանապարհելու օրը ամբողջ գյուղը հավաքվում է Բարձրունուց դուրս եկող ճանապարհին՝ Արմենակ պապի տեղադրած սեղանի մոտ, որի մի կողմում գրված է «բարի գալուստ», մյուսում՝ «բարի ճանապարհ»: Զինակոչիկներն այստեղ անպայման մի քանի կրակոց են արձակում ավտոմատից, Նորայրն ասում է, թե դա, կարծես, զենք բռնելու առաջին մկրտությունը լինի: Անձամբ ինքը, սակայն, առաջին անգամ ավտոմատից կրակել է 12-13 տարեկանում, դպրոցում ռազմագիտության ժամերին էլ ուսումնասիրել են զենքը, սովորել են քանդել-հավաքել, զինկոմիսարիատը նաեւ հրաձգարան է տարել:

Ամբողջությամբ՝ Հետք