ԵՐԱԶ

Դու այցի էիր եկել երազում,
Թախծով է լցված իմ հոգին հիմա,
Խորհուրդներ էիր դու ինձ մրմնջում,
Տնքում է սիրտս բաց վերքի նման:

Ավաղ, չիմացա, ի՞նչ էիր ուզում,
Ի՞նչն էր քեզ այդպես դառնորեն հուզում,
Դու այցի էիր եկել այս գիշեր
Միայն ափսոս, որ ողջը երազ էր …

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Աշխարհը կա ու կլինի հավիտյան,
Ու կշողա միշտ Արևը երկնքում,
Կդայլայլեն թռչունները քաղցրաձայն,
Եվ կլողա լուսինն իր նուրբ հեքիաթում:

Եվ կբացվեն գարնան վարդերը փթթուն,
Մեղուները նեկտար կառնեն նրանցից,
Թիթեռները կթռվռան տա՜ք հովտում,
Եվ ծառերը կխշխշան բերքալի:

Եվ ամռանը ծիրանենին կբուրի
Եվ աշնանը կարբի բույրը մասրենու,
Իսկ ձմեռը փաթիլներով կարտասվի,
Հետո նորից գարուն կգա ծաղկաբույր:

Եվ կյանքը իր հին հուներով կընթանա,
Ես չեմ լինի գարնան չքնաղ նախշերում,
Եվ Արևներ կառաքեմ ես ապրողաց՝
Որ մենակ ու ո՜րբ են իրենց խորշերում…

…………………………………………………

Քո հուշով ենք մենք ապրում տակավին,
Քո մետաքսահյուս քնքշանքով, մայրիկ:
Ո՞վ կհանդգնի մորը մոռանալ
Եվ մեղսանքների ցրտում խորանալ:

Լոկ մայրն է Լույսը պահում անսասան
Տիեզերքն ի վեր, տիեզերքն ի վար,
Մոր մեջ է բարին, մոր մեջ է Աստված
Մոր խորհրդով է աշխարհն արարված …

,…………………………………

Առավոտ կանուխ, արևածագին
Մայրս հունցում էր խմորը հացի,
Փայտե տաշտի մեջ՝ խինդ ու եռանդով
Խառնում էր իրար ալյուր, թթխմոր:

Խորհրդավոր էր այդ պահը այնպես,
Որ չէի կտրում աչքս նրանից,
Իսկ խաչ դաջելը առավելապես
Շատ էր առինքնող և տպավորիչ:

Ու մինչ խմորը կհասունանար-
Ճարճատում էին ցախերը փռում,
Եվ շարվում էին գնդերն հավասար
Թարեքի վրա հին ու փայտակուռ:

Եվ ապա, ամբողջ թաղը ծայրեծայր
Լցվում էր մորս հացի բուրմունքով,
Վայելում էին բոլորն անպայման
Մեր անուշ հացը վերին հաճույքով:

Հետո հարցնում էր մայրս ի սրտե.
-Արդյո՞ք, իմ հացը ամենքին հասավ,
Հո ինչ-որ մեկը ինձնից դժգոհ չէ՞,
Հետո սրբում էր ճակատն ալյուրած…

…Շատ տեղերում եմ ես հաց ճաշակել,
Բայց մորս հացի համն աննման էր,
Հաց չէր, մասունք էր այն մի երկնային՝
Անուշ բուրմունքով մորս ձեռքերի…

………………………………..

ՄԱՅՐ ԻՄ

Մայր իմ հաճախ երազ արի,
Արի հոգուս սրբատուն,
Իջիր ճամփով լուրթ եթերի,
Անդարձորեն արի տուն:

Փարիր ձեռքդ հեգ սնարիս,
Շոյիր ճակատս հոգնած,
Մեղանչումներս ներիր
Քո մայրական մեղմությամբ:

Քանի գարուն է, ահա,
Նայում եմ լուռ ճամփեքիդ,
Բայց միրաժ է շուրջն անհաս
Եվ լռություն է անծիր:

Սպասում եմ օրնիբուն,
Փնտրում եմ քեզ ամեն տեղ
Ու կարոտը իմ անտուն
Ահագնանում է այնպես:

Ա՜խ, ապրում ես դու միայն
Հուշերիս մեջ երկնասույզ
Որպես անուշ մի երազ,
Որպես հոգուս անդարձ հույզ…

……………………………….

Ամեն տարիք, հարկավ, ունի
Իր խորհուրդը ոգեղեն,
Բայց հոսքի հետ ժամանակի
Փոփոխվում է կյանքը մեր:

Երբ հասուն ես ու ողջամիտ,
Զգոն ես դու և սթափ,
Զի ընտրում ես անշեղ ուղին
Ընդդեմ ամեն փորձության:

Է՜լ տեղ չունես դու տրտմելու՝
Գարուններում ճեպընթաց,
Հարկավոր է կրակ ու լույս
Սոսկումներում ձմեռվա:

…Եվ ընկալում ես պարզ մի բան,
Որ անցողիկ է ամեն բան…

Հեղինակ ՝Ամալյա Իսայան