Ալիսա Մարտիրոսյանի բանաստեղծություններից 

Եթե չլինեիր դու

Եթե չլինեիր դո՛ւ,
Ես կշարունակեի ապրել
Իմ սև կաղապարի մեջ,
Ապրել՝ միայն գոյատևելու համար,
Բայց ոչ զգալու կյանքի բուրմունքը։
Եթե չլինեիր դո՛ւ,
Երաժշտության ելևեջները չէին անցնի
Երակներիս միջով և արյանս հաղորդեին
Իր սիրո նոտաները՝
Եվ սիրտս բաբախեր այնպես
Որ դու լսեիր տրոփյունն ուժգին։
Եթե չլինեիր դո՛ւ,
Չէի ընկալի աշխարհն իր հազար երանգներով,
Չէի նկատի թռչունների
Երամի պարը իմ գլխավերևում,
Չէի ապրի կյանքի վերածնունդն իմ հոգում։
Չէի նկատի բողբոջը ծառերի,
Կամ ոսկե աշունն իմ երկրի,
Այս հզոր արևն անգամ
Չէր ջերմացնի հոգիս,
Եթե չլինեիր դու;

Մտորումներ

Տարաձայնությունը ճնշում է ինձ,
Իմ կաղապարից դուրս եմ զգում ինձ,
Շփոթված եմ կյանքի ճիշտ ու սխալից,
Խեղդված ապրես չիկարելիների մեջ,
Թե զգալով կյանքն ապրես կարելիներից դուրս։

Բախումը անցյալի և ներկայի

Չգիտեմ, ինչու եմ փնտրում քեզ,
Չէ որ դու իմը չես,
Նույնիսկ չգիտեմ քեզ։
Մինչդեռ սիրում եմ իմ անցյալը
Եվ կարոտում նրան,
Սակայն փնտրում եմ քեզ՝
Չիմանալով, ինչպիսին ես դու։
Նույնիսկ գույնդ չգիտեմ,
Չգիտեմ երանգը քո կյանքի,
Բայց փնտրում եմ քեզ
Եվ սպասում քո կանչին ամեն օր,
Սրտումս պահած
Հավերժական սերը անցյալի։

Գարնան զարթոնքն իմ սրտում

Գարնան կանչո՛վ
Ես դուրս ելա,
Ծառ ու ծաղիկ
Ինձ ժպտացին։
Արևի ջերմությամբ լցվեցի
Մի նոր զարթոնք ապրեցի։

Կարծես արթնացա խո՜րը քնից,
Զգացի, թե ինչ վայե՛լք է
Դյութող գարունն այս աշխարհի,
Արբեցած եմ նրա բույրից։

Գարունն իր շղարշով ծածկել է
Դա՜շտ անտա՜ռ ու լե՜ռ,
Ներկել նրանց բազմերանգ գույներով։
Եվ ահա մանուշակներն են
Ժպտում ինձ կրկին,
Սերմանելով մի նո՛ր կյանքի
Գարո՛ւնք իմ սրտում։

Կոչ իմ երկրին

Ինչպե՞ս շնչեմ ու տենչամ,
Եթե չունենամ քեզ, ի՛մ հայրենիք։
Ինչպես երգեմ ու խնդամ
Առանց քեզ, ի՛մ հայրենիք։
Ինչպե՞ս գործեն և զարգանան
Մեր հայ արվեստագետները
Առանց քո ոգեշնչման, ի՛մ հայրենիք,
Քո հո՛ղն ու բո՛ւյրն են ուժ տալիս։
Այլապես, մեր նոր ծնվող մանկանը
Ինչպես ասենք բարի գալուստ,
Իմացիր, որ դու հայ ես,
Եվ ունես հայրենիք։
Ինչ պատասխան տանք նրան
Երբ չունենանք հայրենիքը մեր՝
Մեզ ջերմացնող Հայաստան աշխարհը։
Հայ առաջնորդնե՝ր, լսե՛ք ժողովրդի ձայնը,
Որպեսզի գնալով չդատարկվի
Մեր մի բուռ հողը,
Ու մեր թշնամին հեշտությամբ
Չառնի այն իր ձեռքը։
Չէ՞ որ առանց ժողովրդի
Չեք կարող կռվել թշնամու դեմ։
Եվ դուք ստիպված փախչելու եք
Ձեր փողերով հանդերձ
Եթե չունենաք հայրենի՜ք։
Ինչ պատասխան ենք տալու,
Որ մի կտոր հացի hամար
Մեր ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ,
Եվ մեր թշնամին ներխուժել է
Դատարկ մնացած հողը։
Դե ուրեմն, իմ հայ ղեկավարներ,
Մտածեցե՛ք քանի դեռ ուշ չէ,
Մի՛ կորցրեք ձեր ժողովրդին՝
Քանզի՝ առանց նրանց դու՛ք ոչինչ եք։

Հեղինակ ՝Ալիսա Մարտիրոսյան 

 

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *