Երկրապահը երկիր պահողն է, երկրապահը միայն ազատագրողը չէ, երկրապահը երկրի, ժողովրդի պահապանն է: Այսպես են մտածում յուրաքանչյուր երկրապահ: Անգամ ազատագրելու պահին նրանք գիտեին, այն արդեն հայրենիք է, քանի որ նրանց աչքի առաջ այդ ազատագրված հողի վրա իրենց ընկերների արյունն էր թափվում, թափվում ու ամրացնում էր հողը:
«Ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է «-, ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը : Իսկ երկրապահն արյամբ եւ Սպարապետի հայտնի պատգամը կյանքի վերածելով, տեր է կանգնած այդ հողին:
Պատմության մեջ, սովորաբար, գրաված հողերը, գրաված տարածքները պահում են բանակի ու զենքի ուժով: Իսկ ազատագրված հողերը, որոնք հենց ազատագրված պահից հայրենիք է, պահում են այն մշակելով, այդ հողի վրա ապրելով, այն ծաղկացնելով, տուն կառուցելով :
Ադրբեջանցիք գրավելով ավերում էին, ավերում էին, որովհետեւ այն իրենց հայրենիքը չէր, նույնիսկ խաչքարերն էին ավերում :
Հայ ժողովրդին պարտադրված պատերազմին կամավոր զինվորագրված Մանվել Գրիգորյանն իր իր խիզախ տղերքի հետ ազատագրելով իր հայրենիքը, ազատագրված վայրում խաչքարեր էր տեղադրում…
«Խաչքարերն ինձ համար եւ, կարծում եմ, ոչ միայն ինձ համար, այլ հայերիս համար հողը հայրենիք դարձնելու առաջին եւ ամենամնայուն գրավականն է: Խաչքարը ի սկզբանե, ուղեկցել են հայ ժողովրդին ու հայոց պատմությանը, շատ անգամ վկայելով, արձանագրելով, հաստատելով մեր ժողովրդի անցած ճանապարհը: Բացի այդ, մեր տեղադրած խաչքարերը մեր մարտական ընկերներն են`հավերժ կանգնած իրենց ազատագրած տարածքներում : Ինձ համար խաչքարը միայն քանդակված ստեղծագործական աշխատանք չէ, այլ նաեւ հոգի է, սիմվոլ է, որը բնորոշում է ազատագրված տվյալ բարձունքը, նրա համար թափված արյունը, նրա համար զոհված խիզախ հայորդիների կամ հայորդու կերպարը : Խաչքարն ինձ համար կերպար է, միջավայր, խորհրդանիշ «:
Այսպես է եւ այսպես էր մտածում Զորավար Մանվել Գրիգորյանը եւ պատերազմի դաշտում եւ այսօր :
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, Զորավար Մանվել Գրիգորյանի կողմից կազմակերպվող եւ արդեն ավանդական դարձած ուխտագնացությունը նվիրված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անկախության տարեդարձներին, ինչպես նաև այդ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի հավերժացմանը:
Ավանդական ուխտագնացությունը ունի իր պատմությունը նաեւ :1993թ-ին հրամանատար Մանվել Գրիգորյանի մայրը` Նազիկ մայրիկը, իր շուրջը հավաքելով դեռ ընթացող Արցախյան ազատամարտի հերոս նահատակներ Արա Հարությունյանի, Հայրապետ Նավասարդյանի ծնողների եւ Թաթուլ Խաչատրյանի կնոջը, կազմակերպում է այցելություն դեպի Հադրութի տարածք, ուր զոհվել էին հերոս հայորդիները, իսկ ազատագրական պատերազմը դեռ շարունակվում էր: Հերոս մայրերը եղան իրենց զավակների կողքին, եղան իրենց հերոս զավակների զոհվելու վայրում, մայրական խորհուրդ ու օրհնանք տվեցին մարտնչողներին: Հետո այն սկսվեց կազմակերպվել մի շարք դպրոցների եւ դպրոցականների կողմից`որպես շրջագայություն 5-րդ բրիգադի անցած ճանապարհով: Առաջին շրջագայություն -միջոցառումները սկսվեցին Էջմիածնից եւ Ստեփանակերտից`1995-96թթ-ին :Եվ այդ շրջագայություն -միջոցառումները հիմք դարձան, որ տարեցտարի մեծանա մասնակցությունը եւ ծրագիրն էլ դառնա բազմազան ու արդյունավետ, եւ այն տարիների ընթացքում վերածվեց ուխտագնացության: Իսկ հիմա արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը մասնակցում են Արցախյան պատերազմի մասնակիցները, Հայրենական պատերազմի վետերանները, մտավորականները, ԱԺ պատգամավորներ, կրթության եւ մշակույթի գործիչներ, տարատեսակ երգ ու պարի, գուսանական խմբեր ու համույթներ,երիտասարդ ու պատանի երկրապահներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, ՏԻՄ ներկայացուցիչներ :
Իսկ ուխտագնացների առջեւից պարտադիր քայլում են դրոշակակիր պատանի երկրապահները, այս երկրի վաղվա տերերը:
Այդ նրանք են գալիս ժառանգելու ազատագրված հայրենիքը :""
Զորավարն ուխտագնացության ժամանակ հոգում է գործող ակումբների, հանդիսությունների տների, գրադարանների, բուժկետերի եւ դպրոցների հոգսերը, ամեն տարվա ԼՂՀ բոլոր առաջին դասարանցիներն ապահովում պայուսակներով, դասագրքերով եւ անհրաժեշտ գրենական պիտույքներով:
Այս ամենին զուգահեռ, ուխտագնացության ժամանակ ֆինանսական եւ նյութական օգնություն է կազմակերպվում զոհված, հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին, աջակցություն ցուցաբերվում սոցիալապես անապահով բնակչությանը : Հենց ուխտագնացության օրերին կազմակերպվում է հայրենյաց սահմանների համար անձնուրաց մարտնչած մարտիկների սխրանքների գնահատում ` պարգեւների հանձնում:
Ուխտագնացությունը դարձել է մի երեւույթ, որին ժողովրդական տոների պես սպասում են բոլորը `եւ Արցախի ժողովուրդը, եւ ուխտագնացության մասնակիցները, որոնց քանակը տարեցտարի բազմանում են:
Ամենամյա ուխտագնացությամբ է Զորավարը եւ երկրապահը յուրովի հիմնավորում են, որ Արցախին երբեք մենակ չթողնելու պատասխանատվությունն իրենց մեջ մշտարթուն է ու վերածվել է ծրագրային գործունեության:
Ուրեմն փառք քեզ արցախցի, որ երկրապահի նման թիկունք ունես, եւ փառք քեզ երկրապահ, որ արցախցու նման հերոս ժողովուրդ ունես:

Նարինե Մնացականյան