Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին։

Նշենք, որ Թալիշական ազգային շարժման ակտիվիստ և ընդդիմադիր բլոգեր Շահին Միրզոևը ավելի վաղ Talish.info-ին հայտնել էր, որ իր կինը ծանր հիվանդ է, և որ վերջինս Ադրբեջանում չի կարողանում բուժօգնություն ստանալ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անցյալ տարվա դեկտեմբերին Միրզոևն ընտանիքով գտնվել է Վրաստանում:

Բուժօգնություն ստանալու համար նրան խորհուրդ են տվել վերադառնալ հայրենիք, սակայն Միրզոևի խոսքով` «այնտեղ վերադառնալը կնշանակի մահվան դատավճիռ ստորագրել ընտանիքի համար»:

Արդեն հաղորդել էինք ԱԳՆ հրապարակումը այս թեմայով: