Ադրբեջանական քարոզչամեքենան առաջին անգամ փորձ է կատարել թալիշներին հռչակելու իբր «իրանալեզվության անցած թյուրքեր»

Երբ հետևում ես ադրբեջանական «պատմական» բովանդակությամբ քարոզչությանը, ակամայից հիշում ես մի քանի տասնամյակ առաջվա Թուրքիան, որտեղ, դիցուք, իրանական ժողովուրդներից քրդերը զանազան մեքենայություններով և ուղղակի ծիծաղելի փաստարկներով ու ապացուցողական բազայով հայտարարվում էին «լեռնային թուրքեր»:

Օրերս ադրբեջանական քարոզչամեքենան, որքանով տեղյակ եմ, առաջին անգամ փորձ է կատարել թալիշներին հռչակելու իբր «իրանալեզվության անցած թյուրքեր»: Որպես հիմնական ապացույց բերվում է այն փաստը, որ թալիշները հիմնականում թյուրքալեզու ցեղերից հավաքագրվող ղզլբաշական զորամիավորումների կազմում ակտիվորեն մասնակցել են Սեֆյան Իրանի վարած պատերազմներին:

Ուշագրավն այն է, որ թալիշներին «իրանալեզու թյուրքեր» հռչակելու այս պարզունակ և զավեշտալի «փաստարկը» բերողներն ուղղակի մոռացել են, որ հենց նույն զորամիավորումների գլուխ կանգնած և հետագայում Իրանի շահ հռչակված Իսմայիլ Ա-ի նախնի և սեֆյան կամ ղզլբաշների եղբայրության հիմնադիր Շեյխ Սաֆի ադ-Դին Արդաբիլին բանաստեղծություններ էր գրում թալիշերենին շատ մոտ Արդաբիլի իրանական բարբառով և, ամենայն հավանականությամբ, թյուրքերեն ընդհանարպես չգիտեր, իսկ եղբայրությունը մեծաթիվ հետևորդներ ուներ հատկապես թալիշաբնակ շրջաններում՝ հավանաբար նաև այն պատճառով, որ շեյխի քարոզի լեզուն հասկանալի էր թալիշերենով խոսողներին:

Վարդան Ոսկանյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *