ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում գեներալ Մանվել Գրիգորյանի տանը

Գեներալ Մանվել Գրիգորյանի տանը գործողություններ են իրականացվում: ԱԱԾ լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ ԱԱԾ-ն օպերատիվ գործողություններ է իրականացնում մի շարք անձանց, այդ թվում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը:

Իսկ թե ինչ պատճառով են արվում այդ գործողությունները և կա արդյոք հարուցված քրեական գործ, ի պատասխան այս հարցերի, ԱԱԾ-ից հայտնեցին, որ ավելի ուշ հանդես կգան պաշտոնական պարզաբանմամբ:

Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ասաց, որ խուզարկությունները տեղի են ունենում իրենց ընտանիքին պատկանող առանձնատանը, և այդ գործողության նպատակի մասին իրեն ոչինչ հայտնի չէ:

Կարեն Գրիգորյանն ասաց նաև, որ ինքը հաշտության ձեռք է մեկնում իր հրաժարականը պահանջողներին և նրանց հրավիրում է այսօր երեկոյան Էջմիածնում կայանալիք հանրահավաքին: Ինչ վերաբերում է իրեն ուղղված մեղադրանքներին, ապա «դրանցով թող զբաղվեն իրավապահները»:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *