Լրահոս
Էդիկ Մալոյան Նվիրյալները - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 19:40
Գեներալը, ով չի դադարել լինել զինվոր Hetq.am - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 17:49
ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 11:38
Իրադրությունն առաջնագծում - Երկուշաբթի, Հունվարի 23, 2017, ժ. 10:18
ԻՆՁ ԹՈՒՐՔԻ ԳՆԴԱԿ ՉԻ ԿՊՉԻ - Երեքշաբթի, Հունվարի 10, 2017, ժ. 19:48
ՀՀ ազգային հերոս Վիտյա Այվազյան - Չորեքշաբթի, Հունվարի 11, 2017, ժ. 06:56
ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ Կրպեյան Թաթուլ Ժորժիկի. - Ուրբաթ, Հունվարի 13, 2017, ժ. 08:44
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ - Կիրակի, Հունվարի 22, 2017, ժ. 11:38
Չորեքշաբթի, 11 Հունվարի 2017 06:56

ՀՀ ազգային հերոս Վիտյա Այվազյան

Վիտյա Այվազյան (1955 -- 1990թթ. )1990թ ՀՀ ԳԽ պատգամավոր Վ. Այվազյանը հետմահու 20.09.1996թ. արժանացել է ՀՀ ազգային հերոսի կոչման:Զոհվել է դավադիր գնդակից...

ԱՅՎԱԶՅԱՆ ՎԻՏՅԱ ՎՈՐՈՇԻ 

Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 29-ին գ. Սպանդարյան (Արթիկի շրջ., Շիրակի մարզ, ՀՀ): 1977թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1977-79թթ. ավագ տնտեսագետ է աշխատել Հայշինբանկում: 1979-81թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1981-83թթ. աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում, 1983-88թթ.` Երեւանի էլեկտրալամպերի գործարանի հատուկ նախագծային բյուրոյում ինժեներ-նախագծող, ինժեներ-տեխնոլոգ: 1983թ.-ից հեռակա սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում: 1988թ. աշխատել է «Լազուր» արտադրական միավորումում, ուր կազմակերպել եւ ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն: Իրենց ամառանոցը թաքստարանի է վերածել` արգելված գրականությամբ, թռուցիկներով, պայթուցիկ նյութերով ու զենքերով: 1989թ. հունվարի 12-ին ձերբակալվել է Նուբարաշենի բանտում շուրջ մեկ ամիս: ՀՀՇ 1-ին համագումարում ընտրվել է վարչության անդամ, տնտեսական մասի պատասխանատու: Հայաստանի երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի առաջին անդամներից: Կամավորականներին հագուստով, պարենով, զենքով եւ զինամթերքով ապահովման պատասխանատուներից էր: 1990թ. ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր: Զոհվել է 1990թ. օգոստոսի 29-ին Երևանում: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

Գեղազնիկ Միքայելյան և Վիտյա Այվազյան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության եւ իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:  ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է ՀԱՅՐԵՆԻՔ շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:


1. ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ
 
2. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ 
3. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԼԵՔ ԹԱԳՎՈՐԻ 
4. ԳՈՐԳԻՍՅԱՆ ՄՈՎՍԵՍ ԳԵՎՈՐԳԻ 
5. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԳԵՂԱԶՆԻԿ ԱՐՄԵՆԱԿԻ 
6. ՄԵԼՔՈՆՅԱՆ ՄՈՆԹԵ ՉԱՐԼԶԻ 
7. ԿՐՊԵՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԺՈՐԺԻԿԻ 
8. ԱՅՎԱԶՅԱՆ ՎԻՏՅԱ ՎՈՐՈՇԻ 
9. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՋԻՎԱՆ ԶԱՎԵՆԻ 
10. ՊՈՂՈՍՅԱՆ ՅՈՒՐԱ ՎԱՂԱՐՇԱԿԻ 
11. ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲԻ 
12. ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԶԱՎԵՆԻ 
13. ՔՐՔՈՐՅԱՆ ՔԸՐՔ 
14. ԱԶՆԱՎՈՒՐ ՇԱՌԼ 
15. ՌԻԺԿՈՎ ՆԻԿՈԼԱՅ ԻՎԱՆԻ

 

«Իմ ամբողջ դժբախտությունն այն է, որ երկու որդիներս էլ հայի ձեռքով գնացին, ցավում եմ շատ. վրեժս այլ ազգից պետք է հանեի» Հոդված այս մասը լրացվել է Hetk.am

«Վիտյա, չե՞ս վախենում: Ախր կարող են գալ հենց դռան մեջ խփել: Չե՞ս տեսնում՝ շուրջն ինչ է»,- տագնապով հարցնում է ազգային հերոս Վիտյա Այվազյանի մայրը՝ Կիմա Ավագյանը, որդու մահվանից մեկ օր առաջ՝ 1992 թվականի օգոստոսի 28-ին: Վիտյան մեկ բառով է պատասխանում՝ երբեք:

Մտահոգ, լարված, բայց մորը հանգստացնելու համար ուժ է գտնում և կատակում վրացերեն իր սիրած նախադասությամբ «վարիանտի արարիսա»: Նորից լրջանում է և ավելացնում. «Ես ճիշտ տեղում եմ և չեմ նահանջելու»:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 29-ի երեկոյան, երբ Վիտյան տուն է գալիս, ինչ-որ հեռախոսազանգ է հնչում: Պատասխանում է ու արագ դուրս գնում: «Վճռականությամբ փակեց դուռը, որը երբեք էլ չէր բացելու»,- հիշում է Վիտյա Այվազյանի կինը՝ Կարինե Վասիլյանը:

«Նա գնացել էր համերաշխության կոչով, գնացել էր հայ մարդուն հայերեն խոսք ասելու… Ինքնաձիգը չէր վերցրել. «Ես ինչ գործ ունեմ սրա հետ, հո հայի վրա չեմ կրակելու»»,- հիշում է հերոսի կինը:

Կրակոցներ, այնուամենայնիվ, եղան. Վիտյայի դուրս գալուց քիչ հետո կայծակնային արագությամբ տարածվեց Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքայելյանի (Չաուշի) մահվան լուրը:

Նրանց մահվան անմիջական տպավորության տակ բանաստեղծ Վահագն Դավթյանը գրել էր. «Ես կյանքում նրանց չէի տեսել… Ես դագաղում տեսա նրանց ու աչքերս փակեցի: Հաջորդ վայրկյանին իմ ներսում կայծակ էր ու տեղատարափ… Ինքն իրեն պատեպատ զարկող մի հարց՝ ինչպես է մարդու ձեռքը կարողացել բարձրանալ ասպետորեն այսքան գեղեցիկ, գեղեցկորեն այսքան հպարտ և հպարտորեն այսքան ազնիվ մեր զավակների, ձեր զավակների, իմ զավակների վրա… Նրանք իմ կրտսեր ընկերների ընկերներն էին, ես լսել էի նրանց մասին: Մեր ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից էին նրանք նետվել փոթորկի մեջ և այդ փոթորկի միջով այնպես էին քայլել, ինչպես իրենց նախնիները՝«Էրգրի ֆիդայիները…»»:

1988 թվականին Այվազյանների ընտանիքն էլ էր մասնակցում ՀՀ-ում անցկացվող հանրահավաքներին ու ցույցերին: Նրանց տանն էլ ամենօրյա բուռն քննարկումներ էին լինում,որոնց ամենաքիչը Վիտյան էր մասնակցում: Հարազատները նույնիսկ չգիտեին, որ էլեկտրալամպերի գործարանում կազմակերպել և ղեկավարում է «Ղարաբաղ» կոմիտեն: Լուրջ գործունեություն էր ծավալում. իրենց ամառանոցը թաքստարանի էր վերածվել՝ արգելված գրականությամբ, թռուցիկներով, պայթուցիկ նյութերով ու զենքով:

«1988 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում հայ երիտասարդի սպանության դեպքից հետո իմացանք: Ցույցերից մեկի ժամանակ, որին ես էլ էի մասնակցում, բեմից հաղորդեցին, թե ովքեր ունեն տեղեկություններ, դեպքի հետ կապված մանրամասներ, լուսանկարներ, կարող մոտենալ և հանձնել Վիտյա Այվազյանին: Զարմացա, ինչպես թե… իմ եղբայրը… Ճեղքելով բազմության շարքերը՝ մոտեցա և տեսա, որ նրա անվանակիցը չէ, ոչ էլ այլ մարդ է. մեր Վիտյան է»,- հիշում է հերոսի քույրը՝ հեռուստալրագրող Տիրուհի Այվազյանը:

Այդ դեպքից հետո միայն ընտանիքի համար պարզ է դառնում, որ Վիտյան ակտիվիստ է, հասարակական բուռն գործունեություն է ծավալում: «Հայրս մի քանի անգամ փորձեց հետ պահել, բայց ապարդյուն, Վիտյան անդառնալի էր»,- ասում է քույրը:

1988թ. դեկտեմբերի 7-ին երկրաշարժի լուրն առնելուն պես մեկնում է աղետի գոտի: Փլատակներից դեռ ողջ մարդկանց և արդեն անշունչ մարմիններ է հանում, կազմակերպում աղետից տուժած երեխաների ծնողների որոնման աշխատանքները:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալությունից հետո նա ընկերների հետ փորձում է բանտից ազատել նրանց: Սակայն1989 թ. հունվարի 12-ին ինքն էլ է ձերբակալվում և Նուբարաշենի բանտում մնում համարյա մեկ ամիս:

ՀՀՇ առաջին համագումարում ընտրվում է վարչության անդամ, Հայաստանի երկրապահ ջոկատների առաջին անդամներից էր: Մասնակցում է կամավորական շարժմանը, նրա պատասխանատվությամբ էին կամավորներն ապահովվում հագուստով, պարենով, զենք ու զինամթերքով:

1990թ. Շենգավիթի շրջանի թիվ 8 տեղամասում ընտրվում է Գերագույն խորհրդի պատգամավոր, ներգրավվում պաշտպանության հանձնաժողովի աշխատանքներում:

1990թ. օգոստոսին, երբ Հայաստանում քաղաքական վիճակը բարդացել էր, կարիք կար միավորելու Հայաստանի զինված ջոկատները, զինաթափել կասկածելի մարդկանց: Ներքին անկայունությունը վերածվում էր կռիվների: Վիտյան խաղաղության և եղբայրության կոչով առաջին շարքերում էր:

Վիտյա Այվազյանը ծնվել է 1955 թ. դեկտեմբերի 29-ին Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղում: Տոհմիկ ալաշկերտցի է: Ընտանիքում երեքն էին ՝Վիտյան, Վահանը և Տիրուհին: 1960թ. երիտասարդ ընտանիքը տեղափոխվում է Երևան: Բայց Արթիկը չօտարվեց: Ամեն անգամ, երբ հնարավորություն էր լինում, Վիտյան գնում էր այնտեղ, հպարտանում ծագումով ալաշկերտցի իր հերոսական պապով:

Դեռ մանկուց զուսպ էր, քչախոս, հավասարակշռված: Մայրը հիշում է միակ դեպքը, երբ Վիտյային ապտակել է. «Ձեռնափերս ցավում էին… Ախր, Վիտյաս ճիշտ էր. ծեծել էր երես առած տղաների, ովքեր փորձել էին մյուսներին ճնշել, դպրոցից ծնող էին կանչել»:

Սովորել է Լ. Շանթի անվան թիվ 71 դպրոցում: 8-րդ դասարանից տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոց: 1972 թ. ընդունվել է համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետի մեխանիկայի բաժին:

Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի առիթով տիկին Կիմային պատմել է. «Երբ նախագահությունից տեսնում էի, որ Վիտյան բեղերն է ոլորում, մեկին խնդրում էի, որ նրան դահլիճից դուրս հանեն. դա ափերից դուրս գալու նրա նշանն էր»:

Յուրա Դալլաքյանը, ով նրա հետ աշխատել է էլեկտրալամպերի գործարանում, հիշում է. «Նրա աչքերին գոնե մեկ անգամ նայած մարդը չէր կարող կասկածել, որ Վիտյան հերոս է՝ ճանապարհ բացող, ոչ մի դժվարության և նույնիսկ մահվան առաջ չընկրկող: Դաստիարակված և կիրթ մարդու տիպար էր»:

Վիտյայի մահվան պատճառները ընտանիքի, հարազատների համար մինչև այժմ էլ անհայտ են մնացել: «Ես գիտեմ, որ դեպքերն այնպես չեն ընթացել, ինչպես մատուցվում էր: Ասում էին, թե ՀԱԲ-ի շենքից 16 մետր հեռավորության վրա են խփել Վիտյային: Երբ հաշվարկներ էինք կատարում և մոտենում նշված վայրին, պատի վրա կրակոցի հետքեր կային, բայց արյուն չկար: Վիտյայիս սպանության մեջ մեղադրեցին խեղճուկրակ մեկին՝ Արմեն Ադիլխանյանին, ով 9 տարի ազատազրկման դատապարտվեց: Այդ տղան տառապում էր հավկուրությամբ ու չէր կարող 16 մետրից, այն էլ գիշերով կրակել ինչ-որ մեկի վրա»,- ասում է Վիտյայի մայրը:

Նա հավելում է, որ Վիտյա Այվազյանի սպանությունից 2 տարի անց անհայտ հանգամանքներում սպանվել է եղբայրը՝ Վահանը: Վահանը ապրում էր Սանկտ Պետերբուրգում: Այնտեղ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն էր:

«Վահանի սպանության գործով դատը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում և մնաց անավարտ: Մինչև օրս պահում ենք ռուս փաստաբանի տեսագրված խոսքը, որտեղ ասում է, որ Վահան Այվազյանի մահը քաղաքական պատվերի հետևանք է»,- ասում է Կիմա Ավագյանը:

Վիտյա Այվազյանի սպանությունից մի քանի տարի անց՝1996 թ. սեպտեմբերի 20-ին, նրան շնորհում են ազգային հերոսի կոչում:

Այժմ Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղի դպրոցը նրա անունն է կրում:

Հրաչուհի Ալմաստյան

Read 1778 times

Media

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« January 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/