Լրահոս
«ՄԱԴՈՆՆԱՆ ԻՆՔՆԱՁԻԳՈՎ» - Կիրակի, Մարտի 26, 2017, ժ. 11:27
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում - Ուրբաթ, Մարտի 24, 2017, ժ. 06:27
Շաբաթ, 18 Հունիսի 2016 16:34

«Զորամասի բուժանձնակազմը գործել է անպատկերացնելի օպերատիվությամբ» amda.am

ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկը կատարած այցելության ժամանակ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զորամասի բուժանձնակազմի իրականացրած ծառայության և այլ թեմաների շուրջ զրուցել ենք հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Սարգսյանի հետ:

- Պարո՛ն փոխգնդապետ, մարտական գործողություններից հետո կատարված վերլուծությունները ցույց տվեցին, որ բոլոր ուղղություններում զորային օղակի բուժանձնակազմերն արժանապատվորեն են կատարել իրենց խնդիրը: Ինչպիսի՞ն է Ձեր և հրամկազմի գնահատականն այդ օրերին զորամասի բուժանձնակազմի իրականացրած ծառայության վերաբերյալ:

- Նախքան մարտական գործողությունների մասին խոսելը պետք է նշեմ, որ հատկապես անցած երկու տարիներին, առաջնագծում մշտապես տիրող լարվածությամբ, հակառակորդի կողմից ծանր զինտեխնիկայի կիրառմամբ, դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման հաճախակի փորձերով պայմանավորված, ցավոք, ունեցել ենք նաև վիրավորումներ: Զորամասի բուժանձնակազմը (սանհրահանգիչները, գումարտակների բուժակները և հատկապես բժիշկները) սահմանային բոլոր միջադեպերի ժամանակ գործել է անպատկերացնելի օպերատիվությամբ. անհապաղ կազմակերպվել են վիրավորների առաջին օգնությունը և տարհանումը դեպի առանձին բժշկական ջոկատ:

Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ևս, անկախ դրանց ծավալներից և վիրավորների քանակից, մեր զորամասի բուժանձնակազմն աչքի է ընկել նույն օպերատիվությամբ: Անտեսելով հրետակոծությունը պաշտպանական շրջանի ողջ խորությամբ և հատկապես առաջնագծում՝ նրանք կարողացել են ժամանակին օգնության հասնել վիրավորներին և տարհանել նրանց: Եթե ինտենսիվ գործողությունների ժամանակ մարտական դիրքերում գտնվող անձնակազմը կարող է մարտ վարելուն զուգահեռ նաև պաշտպանվել ամրաշինական կառույցների շնորհիվ, ապա հրետակոծվող ճանապարհներով տեղաշարժվող սանիտարական մեքենան հաճախ կարող է ավելի խոցելի լինել, սակայն մեր բժիշկները, բուժակները, արհամարհելով վտանգը, պատվով են կատարել իրենց առաքելությունը: Մեր զորամասի N դիրքից, որի անձնակազմը (կապիտան Արմենակ Ուրֆանյանի յոթնյակը) հերոսաբար մարտնչել է մեծաքանակ թշնամու դեմ, բժիշկներն են սառնասրտորեն դուրս բերել զոհվածների մարմինները:

Զորամասի հրամանատարությունը բարձր է գնահատում բուժանձնակազմի՝ հատկապես բժիշկների ծառայությունը, մասնագիտական ունակությունները և մարդկային որակները, դժվարին իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու, մարտի դաշտում համարձակություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

- Որպես զորամասի հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ՝ հետաքրքիր է Ձեր գնահատականը նաև անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին. որքան էլ զինվորն ամուր լինի, այնուամենայնիվ, ծանր է զինակից ընկերոջ կորուստը:

- Ապրիլյան մարտական գործողություններին նախորդած ժամանակահատվածում հակառակորդի կողմից իրավիճակի լարումը, կարելի է ասել, անձնակազմին արդեն հոգեբանորեն տրամադրել էր մեծածավալ մարտական գործողություններին: Մեր զինծառայողները կարողացան առանց հոգեբանական «կորուստների» պատվով դիմակայել թշնամու հարձակողական գործողություններին:

Այսօր մարտի դաշտում թրծված սպայակազմ և անձնակազմ ունենք, որոնք պատրաստ են անգամ ամենաթեժ մարտական գործողությունների ժամանակ նույն խիզախությամբ կատարելու իրենց նվիրական պարտքը:

- Պարո՛ն փոխգնդապետ, մարտական գործողությունների ժամանակ սպաների անձնազոհության բազմաթիվ օրինակներ ունեցանք, և կարծես թե հասարակությունը նորովի ճանաչեց ու արժևորեց սպայի նկարագիրը…

- Սպայի՝ անձնազոհության գնալու խիզախումը մենք ամեն օր ենք տեսել, իսկ հասարակությունը մեկ անգամ ևս համոզվեց, որ սպան կարող է հարվածն իր վրա վերցնել՝ խնայելով իր ենթակաների կյանքը: Ամենավառ օրինակը մեր զորամասի N դիրքի հերոսական մաքառումն էր, երբ առաջինը սպան (կապիտան Արմենակ Ուրֆանյան) նետվեց առաջ, իսկ նրա անձնակազմը հետևեց հրամանատարին: Սպաների անձնազոհության օրինակները բազմաթիվ են: Կայացած բանակի ողնաշարը սպան է, և այսօր մենք ունենք հայ սպայի, զինվորականի այնպիսի նկարագիր, որի մասին երազել ենք դարեր շարունակ:

- Կապիտան Ուրֆանյանի զինվորները ևս իրենց հրամանատարին արժանի հերոսներ էին…

- Նախորդ պատերազմի հերոսներից շատերին անձամբ եմ ճանաչել: Երբ զրուցում եմ անձնակազմի հետ, հաճախ եմ պատմում նրանց մասին՝ ասելով, որ նրանք էլ մեզանից մեկն էին և հերոսացան, երբ հայրենիքը վտանգված էր:

Դիմելով զորքին՝ հաճախ եմ ասում, որ մեր վաղվա հերոսներն իրենց շարքերում են, պարզապես իրավիճակն է թելադրում գնալ անձնազոհության՝ հանուն դիրքի անառիկության, հանուն զինակից ընկերոջ կյանքի, հանուն պատվի: Զինվորը գիտի, որ կատարում է իր ժողովրդի հրամանը, գիտի, որ թիկունքում հայրենիքն է, գյուղերն ու շեները, խաղաղ բնակիչները, մանուկները, որոնց պաշտպանությունն իրեն է վստահված, և վերջապես գիտի, որ իր պաշտպանած սահմանները գծվել են արյամբ ու զոհողություններով: Այս սերունդը տեր կանգնեց մեր հաղթանակներին և այսուհետ ևս պատրաստ է կյանքի գնով իր սրբությունները պաշտպանելուն:

Հասմիկ Գյոզալյան

amda.am

Read 2761 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Որոնում

FACEBOOK ARMDAY

    

ԼՐԱՀՈՍ

ՕՐԱՑՈՒՅՑ

« March 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Բաժանորդագրվել

Այլ նորություններ

Համաշխարհային նորություններ

http://www.zoofirma.ru/